![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում սկսեց հացադուլը՝ որպես պահանջ առաջ քաշելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը:
Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը մեծ աժիոտաժի ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, սակայն պետք է ընդգծել, որ ի տարբերություն նախորդ՝ 2011 թվականին անցկացված հացադուլի, այս անգամ նրա պահանջն առավել հստակ է:
Առաջին հարցադրումը, որ առաջ է գալիս, հետևյալն է. ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց պայքարի այս ծայրահեղ միջոցին, արդյոք պայքարի բոլոր միջոցներն արդեն սպառվա՞ծ էին:
Մինչ հարցին պատասխանելը պետք է փաստենք, որ հացադուլը պայքարի ծայրահեղ, սակայն ոչ պակաս ընդունված միջոց է, իսկ նման քայլի գնալը բավականին համարձակ, իսկ ինչ-որ տեղ ռիսկային էր, մանավանդ այն առումով, որ պայքարի հիմնական ծանրությունը հենց Ր. Հովհաննիսյանի ուսերին է, իսկ առաջիկա 20 օրերին «մարզավիճակում» չլինելը կարող է պրոցեսները անկանխատեսելի ուղիով տանել:
Երբ փետրվարի 18-ից հետո Ր. Հովհաննիսյանը սկսեց հանրահավաքների գործընթացը, և՛ մարզերում և՛ Երևանում դրանք բավականին բազմամարդ էին: Սակայն հետագայում, տարբեր պատճառներով, հանրահավաքների մասնակիցների թիվը սկսեց նվազել: Հասարակությունը սկսեց կոնկրետ քայլեր պահանջել, ինչը ենթադրում էր հետագա անելիքների որոշակիացում:
Հասարակության պահանջը բավարարելու առաջին քայլերից մեկը եղավ ՍԴ դիմելու գործընթացը: Մարտավարական առումով ՍԴ դիմելը Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից անշուշտ ճիշտ էր, ինչը հնարավորություն կտար և՛ ժամանակ շահել՝ խորհելու, որոշակիացնելու անելիքները ու ձևակերպել պայքարի նպատակները, և՛ դատական համակարգի նկատմամբ անվստահության պայմաններում` ՍԴ-ի կողմից հայցը մերժելու դեպքում` հնարավորություն կտար պայքարի ևս մեկ «ճակատ բացել» ու իշխանությունների վրա ճնշում գործադրել:
Որքան էլ Ր. Հովհաննիսյանի կողմից իրականացվող քայլերը քննադատվեն, պետք է փաստել, որ իրավիճակը բավականին բարդ է: Իհարկե, Ր. Հովհաննիսյանը «պլան մինիմումն» իրականացրել է՝ մոբիլիզացրել է որոշակի զանգված ու փորձում է ամեն կերպ ճնշումների ենթարկել իշխանություններին, սակայն պայքարի շարունակականության ապահովումը և զանգվածներին հրապարակում պահելը բարդ հաշվարկների ու կոմբինացիաների ամբողջություն է, ինչի իրականացման ճանապարհը բավականին փշոտ է ու դեռևս անորոշ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ընտրություններում 37% ձայն հավաքած գործչի, ինչ-որ առումով, «վա բանկ» գնալը ցույց է տալիս, որ պայքարի մնացած միջոցները սպառված են, իսկ հասարակության ճնշումը գնալով մեծանում է:




