Image result for syria todayՄիջազգային մամուլն ակտիվորեն քննարկում է Սիրիայի նոր սահմանադրության նախագիծը, որի տարբեր էլեմենտներ ԶԼՄ–ների և «մոտ կանգնած աղբյուրների» միջոցով սկսեցին ակտիվորեն շրջանառվել։ Առանցքային կետը`Սիրիան պահպանվում է, որպես միասնական պետություն`միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

Սակայն քաղաքական և կառավարման համակարգերում նախատեսվում է իրականացնել մի շարք փոփոխություններ`ավելի լայն լիազորություններով օժտել տարածաշրջանները, ազգային և կրոնական փոքրամասնություններին, որոնք պետք է ավելի լայն ներկայացվածություն ունենան պետական–ուժային համակարգերում, ինչպես նաև տեղերում ունենան ինքնավարության տարրեր։ Սահմանադրության նախագիծը բազմաթիվ անգամ շտկումների է ենթարկվելու, որոշ ուժեր փորձելու են խաչ քաշել այդ սահմանադրության վրա, իսկ ինչ վերաբերվում է Ասադին ու ալևիական կլանին, ապա նրանք շատ ցավոտ են ընկալում նախագահի`Բաշար Ասադի լիազորությունների սահմանափակումն ու որոշակի գործառույթների փոխանցումը կառավարությանն ու խորհրդարանին։

Սիրիան տասնամյակներով կառավարվել է և միասնական պետություն է մնացել ուժեղ, գերկենտրոնացված իշխանության շնորհիվ (սկսած Հաֆեզ Ասադից)`ալևիական կլանի ուժային, պետական համակարգերում գերիշխանության պարագայում ու տեղի քրդերի`Սիրիական կամ Արևմտյան Քրդստանում մարգինալիզացված գտնվելու պարագայում։ Այժմ այդ ստատուս–քվոն փորձում են խախտել` ելնելով սիրիական հակամատությունից հետո ստեղծված իրավիճակից։ Ասադը չի ցանկանա հեշտությամբ զիջել իր լիազորությունները`ալևիական կլանը սեփական դիրքերի թուլացման պարագայում հետին պլան է մղվելու պետական, ֆինանսական, ուժային, ստվերային լծակներից`սունիական գերիշխանության հաստատման պարագայում ալևիական կլանին, ասադամետ կլաններին մեղմ ասած ոչ այնքան լավ ապագա է սպասվում` Սիրիայից արտագաղթ կամ ֆիզիկական ոչնչացում։

Բացի այդ, քրդերն արդեն իսկ առաջ են քաշել Սիրիայի ֆեդերալիզացիայի իրենց տարբերակը` նրանք մեծ ներդրում են ունեցել և ունենում ԻՊ–ի դեմ պայքարում ու ցանկանում են ստանալ «իրենց մասնաբաժինը» այս խաղում։ Սիրիական քրդերն ունեն լավ զինված`մի քանի տասնյակ հազարի հասնող զինված ուժեր և նրանց այդքան էլ հեշտ չի լինի համոզել զենքերը վայր դնել: Հյուսիսից Անկարան իրականացնում է Եփրատի վահան`քրդական տարրն ու գործոնը բնաջնջելու քաղաքականություն ու սունիական, իր կողմից վերահսկվող բուֆերային գոտի է ստեղծում`քրդական կանտոնները չմիավորվելու նպատակով։ Բացի այդ, ԻՊ–ը դեռ ուժեղ է և քրդերը չեն պատրաստվում զենքերը հանձնել սիրիական կառավարական ուժերին`այդ պարագայում նրանց հետ ոչ ոք հաշվի չի նստի և Իրաքյան Քրդստանի օրինակով, մոդելով նրանք այլևս չեն կարողանա ստեղծել ինքնավարություն Սիրիայի հյուսիս–արևելքում։

Շատ բարդ է լինելու Սիրիայի ներքաղաքական, էթնիկ–կրոնական, կլանային ստատուս–քվոն փոփոխության ենթարկել մի փաստաթղթով` նոր սահմանադրությամբ, քանի որ դա ուղղակի կարողա է պայթեցնել իրավիճակը կամ կլինեն որոշակի ուժեր`Իրան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, որոնք չեն ցանկանա հաշվի նստել ՌԴ–ի առաջ քաշած սահմանադրության հետ: Թեհրանի համար կարևոր է նախկին լայն լիազորություններով օժտված իրանամետ, շիական ռեժիմի պահպանումը Դամասկոսում ու քրդական ինքնավարության բացառումը, իսկ Թուրքիայի համար ամենաձեռնտու տարբերակը կլիներ սիրիական պետության մասնատումը էթնիկ–կրոնական սահմաններով`թուրքմեններն ու սունիական այլ ցեղերն ու բնակավայրերը կմտնեն թուրքական ազդեցության գոտի`քրդերին նրանք կճնշեին թե թուրքմենների և այլ սունիական զինված խմբերի օգնությամբ, թե թուրք–սիրիական սահմանից, որի մեծ հատվածը վերահսկում են հենց սիրիական քրդերը։

Իսկ ինչ պլաններ ունի Սիրիայի հարցում ԱՄՆ–ը` Մերձավոր Արևելքի գերհզոր խաղացողը, որը կարող է մեկ օրում խաչ քաշել միջսիրիական բանակցությունների ու պայմանավորվածությունների վրա, դեռ մինչև վերջ պարզ չէ: Թրամփի վարչակազմը նոր է մտնում հունի մեջ`շատ ուղենիշներ պետք է հստակեցվեն ու Պետդեպ–հետախուզություն–Պենտագոն եռյակն ու Թրամփն ու իր խորհրդականները առաջ կքաշեն սիրիական այս թնջուկի կարգավորման հնարավոր է նոր տարբերակներ, որոնք անակնկալի կբերեն թե Թեհրանին, թե Մոսկվային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել