Վիգեն Սարգսյանը ամփոփել է իր պաշտոնավարման հարյուր օրը Պաշտպանության նախարարությունում։ Նախարարը մատնանշել է այն ուղղությունները, որոնց վերաբերյալ քայլեր են կատարվում կամ դեռ կատարվելու են ազգ-բանակ գաղափարը կյանքի կոչելու համար։ Իհարկե, հարյուր օրը դեռ բավական չէ գնահատելու ու համապարփակ վերլուծելու Վիգեն Սարգսյանի աշխատանքը, սակայն կան երևույթներ, որոնց արժե անդրադառնալ։
Առաջինը, իհարկե, բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգնման հարցն է ազգ-բանակա կոնցեպցիայի շրջանակներում։ Հանրությունը պետք է ավելի մոտիկ կանգնած լինի հասարակությանը, ինչը պետք է արտահայտվի ոչ թե պարբերաբար միայն զորամասերով, այլ հետադարձ կապի ապահովման, փոխհամագործակցության ու բանակ հասկացողության վերաիմաստավորման վերաբերյալ։ Սարգսյանը սրա համար ներդրել է իր ամբողջ էներգիան ու կարիերան, ուստի կարելի է հստակ արձանագրել, որ «ականջի հետև չի գցելու»։
Երկրորդ՝ Զինված ուժերում զինծառայողների համազգեստի, մասնավորպես՝ զինվորական կոշիկների փոփոխության հարց է։ Ծառայած մարդիկ կհասկանան, թե ինչպիսի դժվարութան էր հանդիպում նորակոչիկը, երբ հագնում էր այն։ Ահռելի ժամանակ ու առողջություն է պահանջում դրա հարմարվելու համար, ու այժմ Հայկական բանակը ունենալու է նոր ձևաչափի կոշիկներ, որոնք հասու կլինեն ոչ միայն Պն-ում, այլև քաղաքացիական հանրության համար։ Սա շատ կարևոր է ու շատ ողջունելի։
Եվ վերջապես երրորդը՝ զոհված զինծառայողների հարազատներին փոխհատուցում տալու գործընթացի կազմակերպումն է։ Ինչպես գիտենք, դրա համար ստեղծվել է համապատասխան հիմնադրամ, որի վերահսկման ու աշխատանքների կատարման նախադրյալները ստեղծված են, ու շուտով արդեն մեխանիզմը գործի կդրվի։ Այս երեք փուլերն էլ դեռ ընթացքի մեջ են ու վերջնականապես չեն ձևավորվել, սակայն հաջողելու դեպքում Վիգեն Սարգսյանը իսկապես իր առաքելությունը կարող է կատարված համարել։ Հուսանք, որ դա հենց այդպես էլ կլինի։