Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարապետյանը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարեց ռուսական եւ վրացական կողմերի հետ քննարկել և մինչեւ գարուն կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ, որոնք կվերաբերեն այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպմանը:
Նախարարի խոսքով՝ Մոսկվայում նախնական քննարկումներ են եղել, բայց վերջնական պայմանավորվածություն դեռ չկա: Թեմայի շուրջ լրագրողների մի շարք ճշտող հարցերին Մարտիրոսյանը մեկ պատասախանեց տվեց՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու հանձնարարականը նոր է տրված, այն կքննարկվի եւ կներկայացվի կառավարությանը:
Ի դեպ՝ Վահան Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ քննարկումները չեն սահմանափակվում միայն Հարավային Օսիայի տարբերակով, դրանք ընթանում են տարբեր ուղղություններով, օրինակ՝ երկաթգծի կառուցում, նոր ճանապարհի կառուցում և այլն:
Նշենք, որ ՀՀ կառավարության օրակարգում մշտապես կա ԵԱՏՄ այլ երկրների հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը: Ուշագրավ է, որ Լարսին որպես այլընտրանքային տարբերակ նշվում է ոչ միայն Հարավային Օսիայի տարբերակը, այլեւ Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիր՝ թունելներ եւ նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Հարցը մշտապես գտնվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի ուշադրության կենտրոնում, քանի որ ապրանքաշրջանառության ծավալները գնալով աճում են: