Այցով ԱՄՆ ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել ամերիկյան ղեկավարությանը հարաբերություններ հաստատել Ռուսաստանի ղեկավարության հետ, սակայն զգուշավորությամբ։
«Երբ խոսքը Ռուսաստանի մասին է, կարևոր է հիշել նախագահ Ռեյգանի օրինակը, ով խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ բանակցությունների ժամանակ գործել է՝ ըստ «Վստահի՛ր, բայց ստուգի՛ր» ասացվածքի։ Ինչ վերաբերվում է նախագահ Պուտինին, իմ խորհուրդն է՝ հարաբերություններ հաստատել, սակայն զգույշ լինել»,-ասել է Մեյը Ֆիլադելֆիայում Հանրապետական կուսակցության համագումարում իր ելույթի ընթացքում՝ փոխանցում է BBC-ն։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, անշուշտ, պետք է պաշտպանեն իրենց շահերը, սակայն չեն կարող վերադառնալ ինտերվենցիայի «ձախողված քաղաքականությանը»։
Մեյը նշել է, որ այժմ եկել է երկու երկրների միջև առանձնահատուկ փոխհարաբերությունները վերսկսելու և ժամանակակից աշխարհում համատեղ առաջատար դեր ստանձնելու ժամանակը։ Նա Ռուսաստանին անվանել է երկիր՝ ժողովրդավարության «փոքր ավանդույթներով»։
Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։



