Image resultԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մեքսիկայից ապրանքների ներկրման հարկ սահմանել և ուղղել ստացված գումարներն այդ երկրի հետ սահմանային պատի շինարարության ֆինանսավորմանը՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Այդ հայտարարությունն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ Մեքսիկայի նախագահը չեղարկել է այցը Վաշինգտոն՝ փոխանցում է BBC-ն։

Չորեքշաբթի Թրամփը ստորագրել էր հրաման՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության մասին։ Իր նախընտրական արշավի ժամանակ նա հայտարարել էր, որ կստիպի Մեքսիկային վճարել այդ պատի համար։

«Ներկա պահին մեր երկիրն ունի արտահանման հարկեր, սակայն թույլ է տալիս ներկրված ապրանքներին ազատ հատել սահմանը, ինչը ծիծաղելի է»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սպայսերը։

Ամեն օր ԱՄՆ-Մեքսիկա սահմանով կատարվում է 1.6 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն։

Սպայսերն ասել է, որ պլանի մանրամասները դեռևս մշակվում են, և որ ներկրման հարկը կարող է կազմել ընդամենը 5 տոկոս։

Թրամփի գնահատականով՝ սահմանային պատի շինարարությունը կարժենա 12 մլրդ դոլար։ Փորձագետները հայտնում են 25 մլրդ դոլար և ավելի գումարի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել