Հայաստանում ռուսական առնվազն 300 մլն դոլարի ներդրումների ներգրավումն իրատեսական է: Այս մասին այսօր հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Հիմնական հետաքրքրվածությունն առնչվում է վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտներին: Կարծում եմ՝ այս հայտարարությամբ նախարարը ցրում է մտայնություններն առ այն, որ ներդրումները Հայաստանում իրատեսական չեն ոչ այն պատճառով, որ դժվար է փող գտնել, այլ այն պատճառով, որ Հայաստանում դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ որեւէ մեկը կհամաձայնի մեծ գումարներ ներդնել:
Ավելին՝ նախարարի խոսքից պարզ դարձավ, որ կառավարությունը մի շարք տեղական եւ օտարերկրյա ընկերությունների հետ ակտիվ աշխատանքներ է տանում ներդրումների իրականացման ուղղությամբ:
Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնել, փորձագիտական որոշ շրջանակների կողմից բարձրացվեց այն հարցը, թե կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվելու հիմնադրամը, որն է նրա առաքելությունը:
Կառավարության նիստից հետո Սուրեն Կարայանը պարզաբանեց՝ հայ-ռուսական հիմնադրամի նպատակն է լինելու ֆինանսավորել եւ ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կնպաստեն 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճին, արտահանման ու արդյունաբերության աճին: Ի դեպ, ինչպես նշեց նախարարը, նման աշխատանքներ իրականացվում են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵՄ երկրների եւ Իրանի հետ: