Դեռ շատ կգրվի այսօրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի քայլի մասին ու կվերլուծվի նրա ելույթը: Բայց չեմ կարող առաջնահերթության կարգով չգրել այն մարտահրավերների մասին, որոնք ոչ թե նա է նետել տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական դեմքերի, այլ դրանք վաղուց նետված են եղել նրանց, բայց Րաֆֆին դա ձեւակերպեց իր խոսքով:

Եւ այսպես. 

Մարտահրավեր 1: Մարտահրավեր է նետված Վեհափառին, որ նախագահի երդմնակալության օրը թույլ չտա պղծել Տիրամոր Ավետարանը: 

Նախկինում ոչ մի քաղաքական գործիչ նման լեզվով չի ձեւակերպել ամեն մի կեղծված ընտրությունից հետո Մայր Աթոռին նետված մարտահրավերը: Մայր Աթոռն է, որ պետք է արձագանքի, թե որքան կարող է պղծվել ժողովրդի հավատամքն ու աստվածությունը՝ դրանք քողածածկույթ դարձնելով իշխանության բռնազավթման համար: Իրականում, եկեղեցին պետք է վերաբերմունք հայտնի մեր կրոնական դավանանքի՝ հանրային բարոյականության տեքստի հանդեպ, այն պաշտպանի քաղաքական նպատակահարմարություններից ու մանիպուլյացիաներից, ժողովրդի, հանրային բարոյականության ու հենց կրոնական հավատամքի դեմ օգտագործվելուց: 

Ուշագրավն այն է, թե ինչպես է վարվելու Ամենայն հայոց կաթողիկոսը. 

1. ընդունելու է ԿԸՀ «տվյալները» եւ հղում է կատարելու դրա վրա, ՀՀԿ-ականների նման ասելու է, որ կեղծիքները «մանր-մունր» են եղել, հետեւաբար Ավետարանի «մանր-մունր» պղծումն էլ էական չէ,
2. հղում է կատարելու սեփական հոտի՝ ժողովրդի ընդվզման վրա եւ անեծք է դնելու այն մարդու վրա, ով կպղծի Ավետարանը,
3. Հռոմի պապի նման հրաժարական է տալու՝ խուսափելով կայացնել կամ 1-ին, կամ 2-րդ որոշումը:
Կրկնում եմ, այսպիսի վիճակ ոչ մեկ չի ստեղծել Մայր Աթոռի ու կաթողիկոսի համար: 

Մայր Աթոռի ու Վեհափառի արձագանքը եւ պահվածքը կամ Հայ առաքելական եկեղեցու իսպառ արժեզրկման (1-ին տարբերակ), կամ նրա հեղինակության վերելքի (2-րդ տարբերակա), կամ նրա ռեֆորմացիայի (3-րդ տարբերակ) ուղիների դռները կբացեն:
Ժողովուրդն ընտրեց ոչ միայն փետրվարի 18-ին, այլ նաեւ դրանից հետո՝ փողոցներ ու հրապարակներ դուրս գալով ընտրությունների կեղծված արդյունքների դեմ: 
Այժմ ընտրությունը Վեհափառինն է. եկել է նրա ընտրելու ժամանակը: 

Անկեղծորեն խոստովանեմ՝ այսպիսի բարձրակարգ տեքստ ու դիպաշար չէի սպասում:

(Շարունակելի)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել