Ամեն ցինիզմ, ամեն ամենաթողություն, ամեն անպատժելիություն նորմալ երկրներում ունենում է իր տրամաբանական ավարտը: Նորմալ երկրներում, բայց առայժմ ոչ Հայաստանում: Ու գիտե՞ք՝ դա ինչից է… Եվ այսպես, դա նրանից է, որ՝
• Դա նրանից է, որ մենք, երբ տեսնում ենք, որ մեր հարևանը պետական աշխատանքի անցնելով սկսում է ապրել, ինչպես աստվածները, փոխանակ զարմանանք, ինչ է չասեն, որ մենք «աբիժնիկներ» ենք, սկսում ենք հրճվել նրանց հարստությամբ:
• Դա նրանից է, որ մենք վերոհիշյալ մարդկանց չենք բոյկոտում:
• Դա նրանից է, որ մենք հարևանի իրավունքով վախենում ենք հարցնել`եղբայր, այդ ի՞նչ եղավ, որ անցնելով պետական աշխատանքի՝ 5 միլիոնանոց համարանիշներով 30-40 հազար դոլլար արժեքով սեփական մեքենաներ սկսեցիր վարել: …Առանց համբերելու մի սեփականությունը մյուսի հետևից սկսեցիր գնել: 
• Դա նրանից է, որ, երբ վերոհիշյալ պաշտոնյան քեֆը լավ սկսում է մեր երեխաներին բացատրել, թե ոնց է պետք անել, որպեսզի լինել իր նման տուն պահող իսկական տղամարդ, մենք չենք ասում`«Հոպ, ձայնդ կտրիր, այ տականք, մի փչացրու մեր երեխաներին, քո տեղը բանտում է»:
• Դա նրանից է, որ, երբ վերոհիշյալ պաշտոնյան մեզ մեղադրում է վատ ապրելու մեջ՝ բացատրելով մեր անապահովությունը մեր չաշխատասիրությամբ, մենք սկսում ենք մտորել… Փոխարենը վռնդենք նրանց մեր կողքից:
• Դա նրանից է, որ մենք հրապարակավ չենք հնչեցնում այդ մարդկանց անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել