Վերջին ժամանակներում համացանցում այնքան հաճախ ենք հանդիպում ֆեմինիստական շարժմանը, մշակութային հեղափոխությանը, սահմաններից դուրս եկած ֆեմինների այսպես կոչված գործունեությանը վերաբերող նյութերի, որ ուղղակի անտարբեր մնալ հնարավոր չէր:
Իսկ ո՞վ է ֆեմինը, կամ ի՞նչ է ֆեմինիզմը:

Ահա օրերից մի օր այս շարժումը հասնում է Հայաստան` մի երկիր, ուր, ինչպես ցանկացած ընտանեկան արժեհամակարգով պետությունում, ավանդաբար ընդունված է եղել այն, որ ընտանիքի գլխավորը տղամարդն է, և սա, ի դեպ, բոլորովին կնոջ ազատությունների և իրավունքների ոտնահարում չէ, քանի որ պետք է ունենալ այդքան իրավունքներ, որքան պարտականություններդ են թույլ տալիս, իսկ մենք` կանայք, երբեք չէինք ցանկանա և չէինք էլ կարող մեր վրա վերցնել այնքան պարտականություններ, որքան ունեն տղամարդիկ:
Ու հանկարծ ծայրահեղական ֆեմինիստները եկան, ներխուժեցին փոթորկի պես` նպատակ ունենալով ջնջել այս պատկերացումները ու պատերազմ հայտարարել « հայ տղամարդուն»:
Հայ կին և ֆեմինիստական շարժում. կարելի՞ է արդյոք այս երկու իրարամերժ հասկացությունները հաշտեցնել միմյանց հետ: Գիտեմ՝ կհնչի նաև հետևյալ կարծիքը, թե կինը կին է, և ինչ կապ ունի, թե ինչ ազգության է: Շտապեմ հակառակվել. ո՛չ, հարգելիներս, մենք չենք կարող հարցին այս տեսանկյունից մոտենալ: Փոքր ժողովուրդների համար սա աղետ է, միջոց է ինքնավերացման: Եվրոպացին գուցե կարող է սա իրեն թույլ տալ: Նրա համար չկան այնպիսի վտանգներ, ինչպիսիք են ուծացումը, ինքնության, ավանդույթների, պատմության կորուստը: Իսկ մի՞թե այս ամենը կիսով չափ իր ուսերին կրողն ու սերունդներին փոխանցողը Հայ կինը, Հայ մայրը չէ:
Եվրոպացի կինը իր տղամարդու հետ ընտանիք չի կազմում, այլ մտնում է գործարքի մեջ և թքած ունի, թե այդ գործարքը ինչ տևողություն կունենա:
Պե՞տք են մեզ արդյոք նման ընտանիքներ, մտածեք…
Միտքս շարունակելով՝ հարց եմ հղում զավեշտի հասնող «կուլտուրկամֆ» սկսած ֆեմիններին. ո՞վ է հայ կինը, ի՞նչ գիտեք դուք Հայ կնոջ առաքելության, դարեր շարունակ ընտանիքում նրա դերի, նշանակության մասին: Արդյո՞ք այսօրվա ֆեմինը գիտի, թե ով է Մարիամ Օզանյանը` Անդրանիկ ծնած կինը, արդյո՞ք նա գիտի, թե ինչ ապրումներ է ունեցել և ունի Թաթուլ Կրպեյան ծնած մայրը, թե ինչպես են արցունքն աչքերին հազարավոր հայ կանայք պատերազմի դաշտ ճանապարհել իրենց որդիներին, շատերը նույնիսկ մինուճարներին` կրկին չտեսնելու ակնկալիքով: Ձեզանից ո՞ր մեկն է ունեցել այս ապրումները, ո՞ր մեկն է այսքան ներդրել իր ազգի ազատության ու բարօրության համար: Ինչ է, գիտեք՝ հայրենիքները գոյություն են ունենում միայն հրապարակներում գոռալով և բոցաշունչ ճառեր ասելով, սեփական կույս լինելու կամ ծնողներին լքելու ու իբր ինքնուրույն ապրելու մասին հայտարարություններով: Ու ի՞նչ եք դուք սովորեցնում առանց այն էլ արդեն բավականին խնդիրներ ունեցող մեր մատաղ սերնդին:
Կարծում եք՝ իմ կողմից թվարկված երևելի կանայք ազատ չէին, հարգված և սիրված չէին իրենց ամուսինների կողմից, ինչ է, մտածում եք այս կանայք նվաստացվել են իրենց ընտանիքներում, և դա արտահայտվել է ավանդական հնազանդությամբ… Առնվազն հիմար կլինեք, եթե նման բան կարծեք: Այս կանայք վեհ, արժանապատիվ կանայք են` ազգի իսկական նվիրյալներ, և ի դեպ ազատ, սիրված ու գնահատված իրենց տղամարդկանց կողմից:
Եվ ի վերջո, ֆեմինիտական ամպագոռգոռ ու ուռճացած կոչերի հետևից գնալու փոխարեն, սիրելիներս, ձեր ընտանիքներում ստեղծեք ներդաշնակության, փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտ: Հակառակ դեպքում կինը կարող է այնքան ուժեղանալ, որ թուլացնի տղամարդուն, իսկ կա՞ արդյոք մի կին, ով իր կողքին կարող է թուլամորթի հանդուրժել և տղամարդ, ով կարող է նվաստացված լինել կնոջ կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել