Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի էկոտուրիզմը զարգացնելու համար: Ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները փաստում են` ոլորտին լայն թափ հաղորդելու համար անհրաժեշտ է պետական կառույցներ-մասնավոր հատված համակարգված աշխատանք: Էկոտուրիզմը զարգացնելու համար առաջիկայում ակտիվ աշխատանք է սկսվելու մասնավոր հատվածի հետ: Առաջիկա ծրագրերից է ՀՀ բնության պետական թանգարանում տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Այդտեղ հավաքագրվելու են Հայաստանի արգելոցների, նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հուշարձանների մասին տեղեկատվություն:
Բնության հարստությունը հանրապետությունում շատ է՝ Խոսրովի անտառ, Շիկահող պետական արգելոց, Արփի լիճ ազգային պարկ, Դիլիջան ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, Սևան ազգային պարկ և այլն: Խոսրովի պետական արգելոցի տարածքում Բնության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել են հյուրատներ: Նմանատիպ աշխատանք է նախատեսվում Արփի լճի, Արևիկ ազգային պարկի, Շիկահող պետական արգելոցի տարածքում:
Տուրիստական ընկերությունները, անհատները պետք է իմանան էկոտուրիստական երթուղիների մասին: Ակտիվ աշխատանք է նախատեսվում տուրիստական ընկերությունների հետ համապատասխան ծավալի տեղեկատվություն տրամադրելու համար` արգելոցների, բնության հուշարձանների երթուղիների մասին: Նախատեսվում է տրամադրել նաև տրանսպորտ:
Այս ամենի հետ մեկտեղ կարևոր է համացանցում աշխատանքը: Նրա խոսքով, այսօր լուրջ տեղեկացվածության պակաս կա բնության հուշարձանների, հատուկ պահպանվող տարածքների երթուղիների մասին: 21-րդ դարում համացանցում նման տեղեկատվության պակասը մեծ բաց է:
Հայաստանը մեծ ներուժ ունի էկոտուրիզմը զարգացնելու տեսանկյունից, բազմաթիվ են բնության հուշարձանները: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա նշենք, որ վերջին տարին այդ ուղղությամբ որոշակի աշխատանք արվում է: Ճանապարհներն են բարելավվել, ներդրումներ են կատարվել պահպանվող տարածքներում, բարենպաստ պայմաններ են ստեղծվել:
Կարևոր է նաև ստանդարտների մշակումը, որով հստակ կլինի, թե ինչպես կազմակերպվի տուրիզմը հատուկ պահպանվող տարածքներում:
Այս ամենի հետ մեկտեղ կարևոր հանգամանք է նաև ունենալ միասնական էկոտուրիզմի փաթեթ: Զբոսաշրջիկը, ով գտնվում է Վրաստանում, այնտեղ ազգային պարկերի այցելություններից հետո սահմանված երթուղով կգա Հայաստան և կծանոթանա այստեղի հատուկ պահպանվող տարածքներին: