«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվանից հացադուլ է սկսում: Նա այսօր Ազատության հրապարակում իր ելույթում ասաց, որ սա իր ամենալավ ելույթը չէ, բայց խոստացավ հետո «ավելի դուխով լինել»: «Մեր ուժը մեր ամբողջականության մեջ է, որը շատ ավելի զորեղ է և հաղթական: Այսօր հայ ժողովուրդը խոսել է, մեր ձայնը դարձել է օվկիանոս: Մեր միասնական ձայնը դարձել է հայ ժողովրդի ապագայի մարգարեություն, որն ասում է` յուրաքանչյուր նվաճում, վաստակ, հաղթանակ սկսվում է մի սերմից: Սերմը ցանել ենք, հիմա պիտի բերք ունենանք»,- ասաց նա և հավելեց, որ իշխանություններին այլևս ասելու ոչինչ չունի:
«Բաղրամյան, Հանրապետության հրապարակ, քաղաքապետարան, այդ գրասենյակները գնալու եմ միայն որպես ձեր ներկայացուցիչ, բայց ոչ բան խնդրելու: Եթե ինքն ասելիք ունի, սիրով կլսեմ Ազատության հրապարակում: Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջով և քվեով պիտի ինքնաբացարկ հայտնի և ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Եթե նա ապրիլի 9-ին կեղծ երդում տա, եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով և քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտնել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու, իմ արածը հացադուլ չէ` կեղծիքադուլ է, ստադուլ է»: