Գյումրի քաղաքի մասին խոսելիս ապագայում առաջնահերթ կշեշտվի ոչ թե «աղետի գոտի» լինելու հանգամանքը, այլ զբոսաշրջիկների համար գրավիչ լինելը: Գյումրիում տրամադրություն ու մթնոլորտ փոխելու ժամանակն է, ՀՀ վարչապետը կարծում է, որ սրան կօգնի «Կումայրի» ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է քաղաքի երկու հին փողոցների վերակառուցում:
«Կառավարությունը պարտավորվածություններ ունի Գյումրու նկատմամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ է արվում երկրաշարժից տուժած Գյումրին վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ: Ըստ վարչապետի՝ ներկայումս լուրջ ուշադրություն է դարձվում մարզերի գործարար համայնքի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերի խթանմանը՝ պետություն-մասնավոր համաֆինանսավորման ձևաչափով: Նա նաև նշել է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ը:
Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են, որ օրեր անց ՀՀ վարչապետը կրկին կայցելի Գյումրի: