Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերը հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՆԱՏՕ-ում և ՄԱԿ-ում իր երկրի ներդրման և արդյունքի հարաբերակցությունից։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Լրագրողները խնդրել են Սպայսերին մեկնաբանել ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մատիսի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի միջև զրույցը՝ հիշեցնելով, որ Թրամփը անվանել էր դաշինքը ներկայիս տեսքով «անցյալի մասունք»։
«ԱՄՆ-ը ներդրում է անում ՆԱՏՕ-ում, ՄԱԿ-ում և այլ նման կազմակերպություններում։ Սակայն ես կարծում եմ, որ նախագահը գոհ չէ նրանից, ինչ տեսնում է ներդրման համեմատ ստացված արդյունքի հետ»,-նշել է Սպիտակ տան մամլո քարտուղարը։
Սպայսերը վստահ է, որ Մետիսն ու վարչակազմի այլ ներկայացուցիչներ ունեն գաղափարներ առ այն, թե ինչպես բարեփոխել և ավելի արդյունավետ դարձնել այնպիսի կառույցները, ինչպիսին ՆԱՏՕ-ն է։
Նա ընդգծել է, որ Թրամփը չի համարում դաշինքը ներկայիս վիճակում ունակ՝ իր դերն արդյունավետ կատարելու համար։



