Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները շարունակում են կոտրել բոլոր կարծրատիպերը: Այս անգամ նրանք միավորվել և ստեղծել են ikin.am կայքը, որը նոր հարթակ է նրանց հաղթանակների, հաջողությունների, մտավախությունների և հետաքրքրող խնդիրները քննարկելու և դրանց լուծումները գտնելու համար:
Մարտի 8-ին «Հույսի կամուրջ» և «Ագաթ» ՀԿ-ներն իրենց անակնկալը մատուցեցին հաշմանդամություն ունեցող կանանց, առաջինը՝ կայքի, երկրորդը՝ գրքի տեսքով: «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսնի բանախոսները «Հույսի կամուրջ»-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանն ու «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանն էին:
Ըստ Զառա Բաթոյանի՝ հաշմանդամ կանայք առավել խոցելի են նախ՝ իրենց սեռի, երկրորդ՝ հաշմանդամ լինելու պատճառով: ikin.am-ը նրանց հնարավորություն կընձեռի արտահայտվելու, հետաքրքիր հարցերի պատասխանները ստանալու, ինչու չէ, ոգևորվելու իրենց ճակատագիրն ունեցեղ այլ կանանց լավ օրինակներով, որոնց մասին կներկայացվի «Իրական պատմություններ» խորագրում. «Բոլոր կանայք էլ երազում են ընտանիք, երեխաներ ունենալու, երջանիկ լինելու մասին: Հետաքրքրությունները նույնն են, ուղիներն են տարբեր»:
ikin.am-ի խմբագրակազմը եկել է կոտրելու հաշմանդամության մասին բոլոր կարծրատիպերը, բարձրաձայնելու խնդիրներն, ինչպես նաև՝ թույլ չտալ, որ հաշմանդամություն ունեցող կանայք մեկուսանան հասարակությունից:
Կայքին թղթակցելու են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում բնակվող կանայք և աղջիկներ: «Բլոգն ամբողջությամբ կամավորական սկզբունով է արվում: Նյութերը գրում են հենց հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ: Ցանկացած մեկը, ով ունի ասելիք, կարող է իր նյութերը զետեղել այստեղ, մասնակցել քննարկումներին»,- esyes.am-ին հայտնեց Զառա Բաթոյանը:
Զառա Բաթոյանն անդրադարձավ նաև հաշմանդամության խնդիրների մասին լրատվամիջոցների լուսաբանումներին և նշեց, որ հաճախ խնդիրները ճիշտ դիտանկյունից չեն լուսաբանվում. «Ուզում ենք օրինակ ծառայել մյուս լրատվամիջոցներին, ինչպես լուսաբանել խնդիրը, ինչի մասին խոսել հաշմանդամություն ունեցող կնոջ հետ: Լրատվամիջոցներից շատերին թվում է, թե կան թեմաներ, որոնց պետք չէ անդրադառնալ տարբեր պատճառներով՝ մարդուն չվիրավորելու համար, էթիկայից ելնելով և այլն: Շատ հաճախ դրանք ուղղակի անհիմն մտավախություններ են, կանխակալ վերաբերմունք: Ուզում ենք խրախուսել նաև հենց այդ տեսակ լուսաբանումը: Մենք ուզում ենք ոչ միայն գրել աղջիկների մասին, այլև ավելի անկեղծ ու համարձակ լինել, կարծրատիպեր կոտրել: Լուսաբանել ոչ այն թեմաները և ոչ այնպես, ինչպես դա մինչև հիմա է արվել, այլ շատ հետաքրքիր բաների մասին խոսել, որոնք գուցե շատ կանանց և աղջիկների են հուզում, սակայն նրանք չեն բարձրաձայնում այդ մասին»:
Ներկայացվեց նաև «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կազմակերպության կողմից հրատարակված «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկը: Հաճախ հենց հաշմանդամություն ունեցող կանանց ընտանիքի անդամները նրանց հետ չեն խոսում ամուսնության, երեխա ունենալու մասին՝ մտածելով, որ միևնույնն է նա չի ամուսնանալու: Արդյունքում՝ նա իրազեկ չի լինում ամուսնական կյանքի, երեխա ունենալու հետ կապված մի շարք հարցերի: Դա սխալ մոտեցում է. յուրաքանչյուր կին ունի սիրելու և սիրված լինելու, ընտանիք կազմելու և մայրանալու իրավունք:
Միջին վիճակագրական տվյալներով յուրաքանչյուր տասը կնոջից մեկը հաշմանդամ է: Գրքում զետեղված է հաշմանդամություն ունեցող մի կնոջ խոսք, որը թերևս ավելին է, քան այս թեմայով հազարավոր մեկնաբանություններ. «Ցանկանում եմ, հասարակությունը հասկանա, որ հաշմանդամ լինելը և հիվանդ լինելը տարբեր բաներ են: Մենք ավելի առողջ ենք, քան մյուսները: Մենք էլ սիրելու և սիրվելու իրավունք ունենք: Մեզ սիրեք մեր արժանիքների, ոչ թե սահմանափակումների համար»:



