Գյումրու «Շիրակ» օդանավակայանն առավել գրավիչ կդառնա ավիաընկերությունների համար: ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնը», որն ավիաօդերևութաբանական ծառայություններ է մատուցում օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար, որոշել է փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում: Կենտրոնի որոշումը կարող է նպաստել «Շիրակ» օդանավակայանի զարգացմանն ու գործունեության ընդլայնմանը: Նշենք, որ Հայաստանի երկրորդ օդանավակայանից իրականացվող յուրաքանչյուր ավիաչվերթի սպասարկման համար նախկինում նախատեսվում էր 33.000 դրամ:
Այս որոշման արդյունքում հնարավոր կլինի օգտագործել օդանավակայանի հնարավորությունները, մասնավորապես՝ նպաստել ՀՀ հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը և խթանել էկոտուրիզմի զարգացմանը:
Ի դեպ՝ բազմիցս նշվել է, որ Գյումրու օդանավակայանը պատրաստ է ընդունել ցանկացած տիպի օդանավ: