Արտաշ Ասատրյանի նախաձեռնությամբ և Ասատրյանների բարեկամների ու ընկերների աջակցությամբ արդեն կառուցվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ներկայացված կլինեն սիրված երգիչ-երգահանի անձնական իրերն ու մրցանակները։

Մարտի 3-ին՝ լուսահոգի երգչի 60-ամյակի առթիվ նրա շիրիմին էին այցելել հարազատները, բարեկամները, նրա երգարվեստի երկրպագուները։

Այցելած մարդիկ մինչ քիչ հեռու գտնվող թանգարանի պաշտոնական բացումը հնարավորություն ունեցան ծանոթանալ ներկայացված ցուցանմուշներին։

«Այժմ ԱՄՆ-ից սպասում ենք հորս պատկանող էլի մի շարք իրերի, որոնք կլրացնեն թանգարանի ցուցափեղկերը»,- «TV-մոլի» լրագրողին հայտնել է Արտաշ Ասատրյանը։

Պարզվում է՝ երգիչ-երգահանի որդիները հետևողական են նաև հոր ստեղծագործական ժառանգության հարցում։ Շուտով կթողարկվի միանգամից 3 երգ, որոնք Արամ Ասատրյանը ձայնագրել էր դեռ կենդանության օրոք։ Վերջինիս երգը, Արտաշից բացի, այսօր շարունակում են մյուս որդին՝ ամերիկաբնակ Տիգրանը, և թոռը՝ Արամ Ասատրյանը։ Երաժշտության ուղին է բռնել նաև Արտաշ Ասատրյաին 7-ամյա որդին՝ Գրիշան, ով, երգելուց բացի, նաև ջութակ է նվագում ու արդեն հաջողություններ ունի միջազգային մրցույթներում։ 

2012-ին Ֆրանսիայում տեղի ունեցած մրցույթում Գրիշան զբաղեցրել է 2-րդ տեղը։ Սիրված և սպասված երգիչ Արամ Ասատրյանի որդիները համոզված են, որ ժամանակի ընթացքում երգասպարեզում «իրենց խոսքը կասեն» Արամ Ասատրյանի մյուս 7 թոռները, քանի որ, ըստ ժողովրդի, երգը նրանց ժառանգաբար է փոխանցված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել