Yerkir.am-ը գրում է.
Օրեր առաջ, ադրբեջանցի լրագրողի հարցադրումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, կոշտ պատասխանի արժանացավ: Ադրբեջանցի լրագրողի այն հարցադրմանը՝ եթե Ադրբեջանը «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնի Ղարաբաղում, արդյո՞ք ՌԴ-ն միջամտելու է Ադրբեջանի ներքին գործերին, Սերգեյ Լավրովը կտրուկ պատասխանել էր, թե դա միայն Ադրբեջանի ներքին գործը չէ: Հարցին, թե ինչով է՞ր պայմանավորված ՌԴ կոշտ արձագանքը, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ հարցադրումն իր մեջ վտանգավոր թեզեր էր պարունակում:
«Նախ, հասկանալի է, որ լրագրողի շուրթերով ադրբեջանական իշխանությունները հրապարակայնորեն փորձում էին շոշափել ՌԴ իշխանական վերնախավում առկա տրամադրությունները, երկրորդ, ադրբեջանցի լրագրողը խոսեց ադրբեջանական իշխանությունների իրական մտադրություննների մասին՝ կրկին էսկալացիայի գնալու, այս անգամ՝ «հակաահաբեկչական» օպերացիաների շրջանակներում: Երրորդ, տարիներ ի վեր, Ադրբեջանն անընդհատ փորձում է զարգացնել այն թեզը, որ Ղարաբաղի հարցը իր ներքին խնդիրն է:
Դրանով վերջինս ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս կարգավիճակն է կասկածի դնում, այլ առհասարակ հակամարտության առաջացման բուն պատճառները: Եվ վերջապես, «ներքին հարցի» որակումն «ազատ է արձակում» Ադրբեջանի ձեռքերը, ուժ, բռնություն կիրառելու առումով, որովհետև իր երկրի ներսում Ադրբեջանի իշխանությունները հենց այդպես են լուծում իրենց ներքին խնդիրները»:
Քաղաքագետի կարծիքով, հենց այս հանգամանքները հաշվի առնելով, ՌԴ ԱԳ նախարարի պատասխանը կտրուկ էր, ինչ որ առումով՝ կանխարգելիչ: Հարցին, թե Բելառուսի իշխանությունները, Ղարաբաղ այցելելու պատճառով, որոշում կայացրեցին Ադրբեջանին հանձնել հայտնի բլոգեր Լապշինին, արդյո՞ք սա խոչընդոտ չի ստեղծելու օտարերկրկյա քաղաքացիների՝ Արցախ այցերին, Տ. Աբրահամյանը նշեց. «Խաղատախտակին Բելառուս պետության հեղինակության խնդիրն էր, իսկ այդ երկրի իշխանությունների որոշումը դեռ խոր հետք կթողնի: Դա նաև վատ նախադեպ կլինի նմանատիպ այլ օրինակների դեպքում: Եվ հետո, բլոգերը Իսրայելի և ՌԴ քաղաքացի էր, այդ երկրները հանդես էին գալիս բլոգերի հանձնման դեմ, ինչը այդ երկրների և Բելառուսի հարաբերությունների վրա ևս իր ազդեցությունը կթողնի՝ անկախ նրանից, որ բլոգերից ներողություն «պոկեցին» և Ադրբեջանին չհանձնեցին»:



