Սովորաբար քաղաքական դաշինքները ձևավորվում են ընտրություններին ընդառաջ, ու տրամաբանությունը հուշում է, որ ինչքան էլ չկայացած լինի համակարգը, ամեն դեպքում նրանք պետք է ուղղված լինեն արժեքային նույն համակարգի մեջ գտնվող, բայց քաղաքական մեթոդաբանության մեջ տարբեր մոտեցումներ ունեցող ուժերի կոնսոլիդացիային։ Լավ, թե վատ, մինչ հիմա դա հաջողվել է։ Այսինքն՝ տվյալ քաղաքական դաշինքը ձևավորելիս, եթե գոնե հաշվի չի առնվել հանրային շահը, գոնե էսթետիկ առումով համադրելիություն եղել է։ Ի՞նչ ունենք այժմ։ Իհարկե, դեռ վերջնականապես ձևավորված չեն դաշինքները, սակայն օրեցօր հստակեցվում են քաղաքական միավորներ, որտեղ և անձերի ակնհայտ անհամադրելություն կա։ Խոսքը ոչ թե գաղափարապես տարբեր մարդկանց մասին է (դրանց արդեն սովորել ենք), այլ նրանց այսօրվա հռետորաբանության մասին։ Այսինքն՝ ասել մեկ բան, սակայն նույն վայրկյանին անել մեկ ուրիշ քայլ։ Բյուրեղացված դաշտի առանց այն էլ մանսատումը քաղաքական դեպրեսիայի մի նոր ալիք է բերելու Հայաստան, ու ցավոք, սրա դեմ առնել ոչ մի կերպ չի հաջողվում։ Միևնույն դաշինքում հայտնվելու են արևմտամետներն ու ռուսամետները, լիբերալներն ու ագայնականները, սոցիալիստներն ու կապիտալիստները։ Սա արդեն մարազմի հասնող երևույթ է, ու ամենահետաքրքրիրն այն է, որ նրանք համարյա թե չեն էլ թաքցնում, որ խնդիր ունեն ԱԺ-ում հայտնվելու։ Ընդ որում՝ ապշեցուցիչ ցինիզմով են դա անում։ Դե իսկ ինչ կմնա երկրից, ինչպիսի անորոշության մեջ կհայտնվի հասարակությունը, մեղմ ասած՝ ոչ մեկին չի հետաքրքրում։ Առաջնորդվելով իրավիճակային լուծումներով՝ երկարաժամկետ պայմաններում պետությունը վարի տալու լավագույն լուծում դժվար է պատկերացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: