Հունվարի 25-27-ը Երեւանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումը, որի շրջանակում տեղի կունենա ներդրումային համաժողով։ Այն նպատակ ունի քննարկել, թե ինչ հնարավորություններ կարող են լինել, որպեսզի արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման համար նեդրումներ ներգրավվեն: Ակնկալվում է օտարերկրյա եւ տեղական ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը։
Անցած տարեվերջին կառավարությունը հավանություն տվեց արեւային կայանների կառուցման ներդրումային ծրագրին` շուրջ 129 մլն դոլար արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բնակավայրերում կառուցել մինչեւ 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ։
Նշենք, որ արեւային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքից երկուսի` Գեղարքունիքի եւ Արագածոտնի համար իսպանական խորհրդատվական ընկերություներից մեկն արդեն ներկայացրել է իր հիմնավորումները։ Ավելին` աշխատանքներ են ընթանում նաեւ մյուս 4 տեղանքի վերաբերյալ հիմնավորումներ տալու ուղղությամբ:
Ի դեպ` կայանի կառուցման նպատակով փետրվարին միջազգային մրցույթ կհայտարարվի, առավելությունը կտրվի այն առաջարկությանը, որով նվազագույն սակագին կսահմանվի: