Տնտեսության զարգացման գործընթացում շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել տեղական արտադրությունը: Եթե շուկայում ներմուծվում են ապրանքներ, որոնք կարելի է արտադրել տեղում, ապա անհրաժեշտ է փնտրել ուղիներ դա անելու համար: Նման խնդիր կա նաև Հայաստանում: Գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարական էր տվել որոշ գերատեսչությունների 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:
Տեղական արտադրությունը զարգացնելու համար պետք են ներդրումներ, որոնք այս պահին այդքան էլ շատ չեն մեզ մոտ: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մարտահրավերները և ՀՀ-ի փոքր շուկա ունենալու հանգամանքը՝ կարելի է հասկանալ ներդրումների ոչ բարձր դինամիկան: Տնտեսության ակտիվությունը բարձրացնելու նպատակով այս տարվանից կգործի մեկ կանգառի կենտրոնը, որտեղ կլսվեն գործարարների բոլոր խնդիրները և կտրվեն համապատասխան լուծումներ: Դա հատկապես կնպաստի արտահանողների գործունեությանը:
Ստեղծելով արտահանման համար հարմար պայմաններ, ընդլայնելով մի շարք պետությունների հետ տնտեսական հարաբերությունները՝ հնարավոր է ոչ միայն ներկրվող ապրանքների փոխարինումը տեղականով, այլ նաև երկրում նոր ներդրումների հոսքը և դրանց հաշվին արտահաման ծավալների ավելացումը: