Հայաստանում կոռուպցիայի դեմ տարվող պայքարը առաջնային նշանակություն ունի: Կոռուպցիան այն բացասական երևույթներից մեկն է, որը խոչնդոտում է երկրի զարգացմանը, թուլացնում պետության հիմքերը: Այդ իսկ պատճառով վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ հանձնարարականներ է տվել, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին:
Հանձնարարականների կատարման համար ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր: Կառավարության անցած նիստի ժամանակ Դավիթ Հարությունյանը ներկայացրել է այն որոշումները և աշխատանքները, որոնք ընդունվել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այս ուղղությամբ առանցքային քայլերից մեկը ապօրինի հարստացման քրեականացումն էր: Կան նաև որոշումներ, որոնք ավելի աշխատանքային են, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների փոփոխությունը:
Որոշումների մի մասն էլ ուղղված են թափանցիկության բարձրացմանը. խոսքը վերաբերում է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելուն կամ թերի, սխալներով, աղավաղումներով ներկայացնելուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այժմ մշակում է որոշումների մի փաթեթ, որտեղ որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որը նույնիսկ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Նմանատիպ աշխատանքներ կատարվում են նաև այլ ոլորտներում: