ՀՀ տնտեսությունը ներկայումս ծանր օրեր է ապրում, դժվարին իրավիճակ է ստեղծվել բիզնեսի ներկայացուցիչների համար: ՀՀ տնտեսվարողների գործունեության ակտիվացումը ներկայիս պայմաններում անհնար է առանց պետության միջամտության: Պետական քաղաքականության հիմնական վեկտորը պետք է լինի տնտեսվարողների համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Բիզնես գործունեությունը խթանելու նպատակով վարչապետը սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը կառավարության նիստերին տվել է բազմաթիվ հանձնարարականներ, որոնց մեծ մասը վերաբերել են բիզնեսի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այս առիթով Դավիթ Հարությունյանը կառավարության վերջին նիստում նշել է, որ Կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ որոշումներ՝ սկսած էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման որոշումներից, վերջացրած գյուղոլորտում ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող գազի սակագնի մեղմացման միջոցառումներով:
Այս որոշումների շարքում հատուկ կարևորություն ունի առանձին բանակցային խմբի ձևավորումը, որի խնդիրն է դեպի Իրան հայկական ապրանքների, հատկապես սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Իրանական շուկան հսկայական հնարավորություններ է բացում հայ արտադրողների համար: Հայկական ապրանքների՝ նպաստավոր պայմաններում իրանական շուկա մուտքը մեկ քայլ առաջ կլինի ՀՀ-ից արտահանումը դիվերսիֆիկացնելու ճանապարհին: