Վարչապետ Կարապետյանը երեկ՝ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հանդիպել է համայնքների ղեկավարների ու գործարարների հետ: Ինչպես վարչապետի բոլոր մարզային այցերի դեպքում, այս անգամ եւս հանդիպումն անցել է բուռն քննարկումներով եւ օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձ է եղել մարզի զարգացման հնարավորություններին:
Հաշված ամիսներ առաջ, երբ վարչապետը բարձրաձայնեց մարզերի համաչափ զարգացման անհրաժեշտության մասին եւ մարզերում առկա իրավիճակին ծանոթանալու եւ տեղում բիզնես ծրագրերը խթանելու համար սկսեց անձամբ այցելել հանրապետության մարզեր, հնչեցին տարատեսակ գնահատականներ, թե այս ամենը պարզապես նախընտրական շոու է: Սկեպտիկները պնդում էին՝ տարիներ շարունակ մարզերից կառավարություն են ուղարկվել մի շարք առաջարկներ, սակայն դրանք, որպես կանոն, մնացել են թղթի վրա, նույնը կլինի նաեւ այս կառավարության դեպքում:
Լոռիում վարչապետը, սակայն, մի շատ կարեւոր հայտարարություն արեց: Նա նշեց, որ նախորդ շաբաթ ամփոփվել են մարզային երեք այցի արդյունքները. ստացված ծրագրերից 70-75 տոկոսին տրվել է դրական պատասխան: Ավելին՝ այն նախաձեռնությունները, որոնց մասին խոսվել է մարզերում, ստացել են կոնկրետ ֆինանսավորում:
Վարչապետի խոսքից պարզ դարձավ նաեւ, որ հաջորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու կառավարությանը հաշվետվություն է ներկայացնելու, թե իր ոլորտում ինչ ներդրումներ են լինելու, ինչ քանակի աշխատատեղեր են ստեղծվելու: Ի դեպ՝ նույն հաշվետվությունը ներկայացնելու է նաեւ յուրաքանչյուր մարզ: Կարծում եմ՝ մարզերի զարգացման ծրագրի հաշվետվությունն առավել սպասվածն ու հետաքրքրականն է: