Քանի որ որոշակիացել է քաղաքական դաշտը (եթե դա կարելի է այդպես անվանել), կարող ենք կոնկրետացնել, թե ինչ ծրագրային դրույթներ ունեն Հայաստանի կուսակցությունները 2017 թվականի պառլամենտական ընտրությունների շեմին։ Այսօր անդրադառնանք ՀՀԿ-ին՝ խոստանալով շարունակել շարքը։ Եվ այսպես՝ հայկական ավանդական կուսակցության ստեղծման օրից մինչև մեր օրեր սար ու ձոր տարբերություններ կան։ Պատմական ակնարկ չենք անի, պարզապես նշենք, որ այս կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, որը 90-ականների սկզբում իսկապես հակակշիռ էր հանդիսանում այն ժամանակվա գործող իշխանությանը՝ ՀՀՇ-ին, այսօր չկա։ Գոյություն ունեն հսկայական տնտեսական ու քաղաքական լծակներ, որոնք ամեն ընտրությունների ժամանակ ու դրանից հետո վերաբաշխելու անհրաժեշտություն է առաջանում։ Քաղաքական ներկայիս տրանսֆորմացիան կամ սերնդափոխությունը ՀՀԿ-ն փորձում է կազմակերպել ոչ թե հանրային պահանջից դրդված, այլ սեփական իշխանության ներդաշնակ վերարտադրման համար։ Միևնույն ժամանակ, ներկուսակցական տարաձայնություններն ու երկրիս սոցիալ-տնտեսական իրավիճակի վարտաթարցման պայմաններում գնալով այդ խնդիրը բարդանում է։ Կուսակցության հիմնական խաղաքարտը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով իշխանության ներկայացուցիչներից ունի ամենաբարձր վարկանիշը։ Բայց հաշվի առնելով վարչապետի քաղաքական նվազ ամբիցիաներն ու նրա՝ մենեջմենթի մեջ բոլոր հարցերի լուծման տեսլականը, ակնհայտ է, որ նրան հեշտ չի լինելու կազմակերպել ՀՀ ռեբրեդինգը։ Ծրագրային ամսով նա միակն է, որ կոնկրետ ծրագիր է առաջարկել, մասնավորապես՝ 200 միլիոն ներդրումներ Հայաստանում և այլն, նա ունակ է նաև փակել այս դաշտը, թեպետ գլխավորը դեռ առջևում է, ու դեռ հարց է՝ կհաջողվի նրան այդքան ներդրում բերել Հայաստան, թե ոչ։ Դրան գումարած, որ կուսակցության գործարար (օլիգարխիկ) զանգվածը, մեղմ ասած, այս փոփոխություններից ոգևորված չէ, ու չի բացառվում, որ այս ընտրություններում չընդգրկվելով համամասնական ցուցակում, նրանք իրենց ամբիցիաների բավարարումը փորձեն գտնել մեկ այլ կուսակցության մեջ։ Սա նույնպես կարևոր խնդիր է, քանի որ գործարար, զինվորական զանգվածը եղել է ՀՀԿ իշխանության հարատևման գլխավոր բաղադրիչներից մեկն ու ապահովողը։ Սերժ Սարգսյանը առայժմ չի փորձում բացել խաղաքարտերը՝ սովորության համաձայն սպասելով մինչ բոլորը վերջնականապես դիրքավորվեն։ Սակայն ակնհայտ է, որ գնալով սեղմվում է Սարգսյանի շուրջ օղակը։ Շատանում են նրանից հիասթափվածները, իսկ սա գնալով թուլացնում է նրա իշխանությունն, ու ակնհայտ է, որ Պառլամենտկաան համակարգին անցնելուց հետո նա ուզած թե չուզած իշխանության մեջ որոշակի լծակներ զիջելու է։ Արդյոք սա իշխանության բաժանման նրա ծրագիրն է, թե պարզապես այսպես է ստացվել, առայժմ դժվար է ասել։ Ցույց կտա ժամանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: