Տեխզննությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործընթաց է, որը կազմակերպվում է պետական կառավարման տարբեր մարմիններին վերապահված իրավասությունների շրջանակում կատարված գործողությունների արդյունքում:
Ֆիննախը հայտարարում է, որ տեխզննություն անցկացնելու գործընթացում, ըստ գործող կարգի, նախարարությունն իրականացնում է բացառապես տեխզննության կտրոնների տպագրման և դրանք ծրագրին մասնակից ՀՀ առևտրային բանկերին տրամադրելու աշխատանքները:
Կտրոնների` ըստ տարիների տպագրման ենթակա քանակը որոշվում է պատկան մարմինների կողմից տրամադրվող առկա տեղեկատվության և գործող համակարգի շրջանակներում տարվա ընթացքում ձևավորվող փաստացի ցուցանիշների միտումների հիման վրա: Դրանց փաստացի կարիքը ձևավորվում է առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների և տարվա ընթացքում դրանց ըստ քանակի ու թողարկման տարեթվերի փոփոխության արդյունքում, ինչը կարող է հանգեցնել կանխատեսված և փաստացի տեխզննության կտրոնների կարիքի ժամանակավոր շեղումների:
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016-ի վերջում, առկա տեղեկատվության վերլուծությամբ կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, ապահովել է կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրությունը և բանկերին տրամադրումը: