Azatutyun.am-ը գրում է.
 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջադեպերի քննության մեխանիզմների ներդրման և դիտորդների թվի ընդլայնման մասին համաձայնությունները մինչ այժմ չեն իրականացվել ԵԱՀԿ-ի ներսում կոնսենսուսի բացակայության պատճառով: Այդ մասին այսօր Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
 ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ այդ համաձայնությունները ձեռք են բերվել 2016 թվականի ապրիլին հակամարտության սրացումից հետո, և հավելել․ - «Ցավոք, նույնիսկ այդպիսի տարրական բանը <...> չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս կոնսենսուս չկա ԵԱՀԿ-ում»: Պատճառների մասին նա խորհուրդ է տվել հետաքրքրվել «այդ կազմակերպության ներկայացուցիչներից»:
 Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը սկսի «ազատել իր օկուպացված տարածքները», արդյոք Մոսկվան ա՞չք կփակի, թե՞ «կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին», Լավրովը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ», դրա վերաբերյալ «որոշումների մի ամբողջ հավաքածու» գոյություն ունի: Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ «օկուպացված տարածքներն ազատելու [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի] պահանջը պահպանում է ուժը, սակայն ոչ մի դեպքում՝ ուժի միջոցով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում»:
 Լավրովը նշել է, որ այդ ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված և ստորագրված հայտարարություններում ու փաստաթղթերում: «Վեճերի խաղաղ կարգավորումն այնտեղ գրված է ամբողջ միանշանակությամբ», - ընդգծել է նա:
 Սերգեյ Լավրովն ասել է նաև, որ անցյալ տարվա ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խորին տագնապ են հարուցում, ապա հավելել, որ «Ռուսաստանը վճռական դեր խաղաց այդ պահին արյունահեղությունը դադարեցնելու գործում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել