Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը կարող է լինել Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը, սակայն դրա համար պետք է ունենալ համապատասխան ռազմավարություն, որը թույլ կտա ՏՀՏ ոլորտում թռիչքային աճ գրանցել: Նախ՝ շատ կարևոր է ոլորտի վերաբերյալ որակյալ մասնագետների պատրաստումը, որը պահանջում է ունենալ բարձրակարգ կրթական համակարգ: Մյուս կողմից առկա է համապատասխան մասնագետներին սարքավորումներով ապահովման խնդիր: Այս և ոլորտին վերաբերող այլ խնդիրների լուծման համար պետք է կիրառվի համալիր փաթեթ:
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած հերթական քննարկման ժամանակ Կառավարության ղեկավարին է ներկայացվել մինչև 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ:
Փաթեթում ընդգրկված նախագծերով նախատեսում է մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներ: Իրականացվելու են ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող կոնկրետ նախագծեր: Ավելին՝ նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչ 2025 թ.-ը ՀՀ-ում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, ինչը լուրջ արդյունք կլինի Հայաստանի նման փոքր երկրի համար: