Սուրիկ Խաչատրյանի երկրորդ պաշտոնանկությունը նման չէր նախորդին զուտ նրա համար, որ Խաչատրյանը պաշտոնից ազատվեց ընտրությունների շեմին։ Հայաստանում սովորաբար «ձայն բերող» մեքենան ակտիվանում է հենց ընտրությունների շեմին, իսկ որոշ տեղերում, եթե անհրաժեշտություն է լինում, տեղի են ունենում նաև քաղաքական մի քանի «ռակիրովկաներ» համապատասխան մարդկանց նշանակմամբ, ովքեր կարող են կուսակցության համար բավարար ձայներ հավաքել։ Եվ ուրեմն՝ ինչո՞ւ անառիկ ամրոց թվացող Սյունիքում մարզպետ ազատվեց, ով յուրաքանչյուր ընտրության կարողացել է անվերապահ հաղթանակ ապահովել ՀՀԿ-ի համար։ Խնդիրն իրականում շատ պարզ է։ Մեր երկրում քաղաքական ու տնտեսական շահերը շատ հաճախ են բախվում, ու այդ բախման շահառուները ոչ թե ընդդիմության մեջ են, այլ հենց իշխանության մեջ։ Սուրիկ Խաչատրյանն, իհարկե, դեռ կասի, որ խնդիրը առողջական է, սակայն ակնհայտ է, որ նախկին մարզպետը հակասություններ ունի իշխանության ամենավերին շերտերի հետ։ Սրան գումարած՝ նոր Կառավարության ղեկավարը հաստատ թեկուզ կոսմետիկ, բայց հաստատուն փոփոխություններ այսպես թե այնպես պիտի աներ։ Չանել չէր կարող։ Սուրիկ Խաչատրյանը տարիներ շարունակ համարվել է անձեռնմխելի, սակայն այսօր կարծես թե ինքը խնդիր ունի նահանջ կազմակերպելու։ Այսինքն՝ պաշտոնից հրաժարումը պետք է սահմանափակվի միայն պրոտոկոլային բնույթի թղթաբանությամբ, մինչդեռ հրաժարականի ֆունդամենտ համարվող տնտեսական լծակներին մարզում Խաչատրյանը շարունակում է տիրապետել։ Եվ ուրեմն՝ խնդիրը Խաչատրյանին հենց այդ տնտեսական լծակներից զրկելն է, եթե խոսքը գնում է իրական բարեփոխումների մասին։ Դա հեշտ չի լինելու ու տեղի չի ունենալու միանգամից, ու պաշտոնանկությունը, եկեք ընդունենք, հենց այդ քայլերց մեկն է։ Իսկ կհաջողվի, թե ոչ, ցույց կտան ընտրությունները։ Ամեն դեպքում սա հենց ռիսկի գնալու փորձ է ՀՀԿ-ի համար։ Եթե հաջողեն Սյունիքի մարզում նույն ինտենսիվությամբ, ինչ որ Խաչատրյանի ժամանակ, ապա կարելի է արդեն նրա հետ խոսել պահանջատիրական տոնով, չհաջողեն, չի բացառվում՝ նորից նա դառնա Սյունիքի մարզպետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: