Փաստացի՝ այսօր երկու կուսակցություններ են, որ ոչ պաշտոնական կերպով սկսել են իրենց քարոզարշավն ու պատրաստվում են պառլամենտական ընտրություններին։ Դրանք են ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը։ Պատկերը հետևյալն է՝ ՀՀԿ-ն, բնականաբար, բացի ամբողջ վարչական ռեսուրսից ու նախորդ ընտրությունների քարոզարշավի ձևաչափից՝ որդեգրել է նաև ավելի մոդեռնիզացված մեթոդ կուսակցական համարներում փոփոխություն մտցնելու մասով։ Պատահական չէ, որ մամուլում լուրեր են պտտվում, որ ո՛չ Սերժ Սարգսյանն է լինելու համամասնական ցուցակում և ո՛չ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Եթե Սարգսյանի պարագայում խնդիրը շատ ավելի սիմվոլիկ բնույթ է կրում՝ նպատակ ունենալով ՀՀԿ-ն ավելի բազմաշերտ ու ինստիտուտոցիոնալ կառույց ներկայացնելու համար, ապա Կարապետյանի պարագայում իրավիճակը հետաքրքրական է՝ հաշվի առնելով նրա՝ ցուցակում չհայտնվելու պատճառը։ Խոսքը ՀՀ-ում վերջին հինգ տարիներին մշտապես բնակություն հաստատած չլինելու հանգամանքի մասին է։ Այս հարցը դեռ մնում է օդում։ Բացի այդ՝ մեկ բան ակնհայտ է, որ այս անգամ քարոզարշավի կազմակերպումն ու իրականացումը չի դրվելու միայն Սերժ Սարգսյանի վրա։ Կուսակցության ակտիվը հնարավորություն կստանա հանրային միջոցառումների ժամանակ աշխատելու թիմի համար։
ՀԱԿ-ում ամեն ինչ պարզ է, բայց, բնականաբար, ռեսուրսների սակավության պատճառով այս ուժը ավելի շատ գաղափարական դիսկուրս է փորձում ներարկել Հայաստանի քաղաքական դաշտ, այն է՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները։ Ավելի կոնկրետ՝ որպես լուծում առաջարկում է խաղաղություն, բարիդրացիություն կոնցպետը։ Ոմանք դա ընկալում են որպես ԼՂՀ հարցի կարգավորման տարբերակ, ոմանք էլ՝ հողերի անիմաստ հանձնում ու ոչ հայանպաստ լուծում։ Մնացած կուսակցությունների մասով դեռևս անորոշ իրավիճակ է, սակայն ժամանակը գնալով ավելի է նվազում, ու ակնհայտ է դառնում, որ կազմակերպվածության հետ լուրջ խնդիրներ կան։ Ճիշտ է, ձևավորվել է նաև «Ելք» դաշինքը, սակայն անզեն աչքով տեսանելի են այս կուսակցության խնդիրները։ Արժեքային մասը դեռ մի կողմ, Հայաստանում այսօր հստակ արժեհամակարգով ու օրիենտացիայով ուժ չկա։ Բոլորն էլ ստիպված են մանևրել առնվազն սեփական գոյությունը պահպանելու համար։ Սա, իհարկե, լավ չէ, քանի բյուրեղանում է քաղաքական դաշտը, սակայն մյուս կողմից այն ուժը, որը այս կամ այն կողմնորոշման օգտին է խոսում, պիտի պատրաստ լինի վերոնշյալ մարտահրավերներին, Հայաստանի բնակչության տրամադրվածություններին ու, բնականաբար, աշխարհաքաղաքական իրադարձություններին համահունչ շարժվի։ Այս ընտրություններում նույնպես կարևորվելու է լիդերների դերակատարությունը։ Սակայն քանի դեռ որոշ կուսակցություններ սպասում են իենց լիդերների հայտարարությանը, մենք զերծ մնանք գնահատականներ տալուց։