Պետության համար կոմունիկացիաների կարևորության մասին խոսվել է բավականին շատ, նշվել է, թե այն ինչքան կարևոր է պետության զարգացման համար:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Վրաստանին 6 միլիոն եվրոյի սուվերեն վարկ է տրամադրում` համաֆինանսավորելու Հայաստանի հետ սահմանային անցակետի կամրջի կառուցման աշխատանքները:
Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի վերազինումը և կամրջի կառուցումը կարևոր է երկու երկրները միմյանց կապելու, դրանց միջև տարածաշրջանային առևտրին աջակցելու տեսանկյունից: Նախագիծը ևս մեկ քայլ է` ուղղված երկրների ենթակառուցվածքները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն:
Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Այն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։
Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը:
Սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով: