Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթնեՎարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները։
Քննարկվել են ներդրումային ծրագրում տեղ գտած՝ պանրագործության, կաթնամթերքի և գյուղմթերքի ընդլայմանն ու զարգացմանը վերաբերող ուղղված քայլեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել բիզնես ծրագրերում արտաքին ներդրողների ներգրավմանը։
Վարչապետի գնահատմամբ՝ մարզերում ներդրումային ծրագրերը հեռանկարային են, ունեն տնտեսական հիմնավորում, և կարող են ստեղծել նոր աշխատատեղեր՝ ապահովելով մուլտիպլիկատիվ էֆեկտ։
Ի՞նչ տնտեսական առաջընթաց կարող է գրանցվել մարզերում ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ աղքատության ու արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ արտագաղթողների գերակշիռ մասը հենց մարզային բնակչությունն է։
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում նկատեց՝ նման ծրագրերը նոր կառավարության կողմից հայտնագործություն չեն, դրանք միջոց են բացահայտելու տվյալ տարածաշրջանի պոտենցիալ ռեսուրսները, այդ թվում նաև մարդկային։
«Ցանկացած զարգացում, առաջին հերթին, պահանջում է գոյություն ունեցող ռեսուրսների իրատեսական, համալիր, համակողմանի գնահատում և դրանց օգտագործման ուղիների առաջադրում։ Այդպիսի ծրագրերը ենթադրում են կոմպետենտ, հետևողական աշխատանք»,- մանրամասնեց տնտեսագետը։
Թե որքանով ՀՀ մարզերում և մասնավորապես՝ Գեղարքունիքում հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել ներդրումային ծրագրերը, դեռևս վաղ է խոսել, սակայն տնտեսագետի գնահատմամբ՝ բոլոր մարզերն էլ ունեն չօգտագործված հնարավորություններ ու ռեսուրսներ՝ անասնապահություն, հողի մշակում, ջրօգտագործում և այլն։
«Հայաստանում մինչ օրս տնտեսական խնդիրների մեծ մասը հետևանք է նրա, որ մարզերի ռեսուրսները ուղղորդված ու արդյունավետ չեն օգտագործվել։ Նոր կառավարության ջանքերը ուղղված են դրան, իսկ թե ինչ արդյունքներ հնարավոր կլինի գրանցել, ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց Բոստանջյանը։
Մարզերի ներդրումային ծրագրերի իրականացումը չի կարելի դիտարկել երկրում եղած աղքատության ու արտագաղթի խնդիրներից զատ, դրանք, տնտեսագետի խոսքերով՝ միմյանց հետ փոխկապակցված, համալիր լուծումներ են պահանջում։
«Եթե ծրագրի հիմքում տեղադրում են ամպագոռգոռ մտքեր ու դրա հետ մեկտեղ կենսագործելու համար դեղատոմս են առաջարկում՝ դրանից օգտվող կամ շահող քաղաքացին, որը պետք է եկամուտ ունենա, պաշտպանված լինի, աջակցություն ստանա՝ կարիք չի ունենա լքելու իր երկիրը։ Հայաստանը լքում են նրանք, ովքեր նսեմացված են, արհամարհված, եկամտազրկված և երկրում մնալու որևէ հնարավորություն չունեն»,- ընդգծեց տնտեսագետը։
Կլինեն արդյոք ծրագրերն արդյունավետ, և կառաջարկվի արդյոք դրանք կենսագործելու դեղատոմս՝ կախված է միայն ծրագրերն իրականացնողներից։
Իսկ մինչ այս, տնտեսագետի դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիները լսում են միայն «Ապահով Հայաստան», «Շքեղ Հայաստան» նշանաբանները, որոնց արդեն ոչ ոք չի հավատում։