Ընտրական նոր օրենսգրքի հիմնադրույթներից կարևոր մաս են կազմում նախընտրական քարոզչության վերաբերյալ ֆինանսական դրույթներն ու կետերը։ Մասնավորապես՝ քաղհասարակություն, ընդդիմություն ու իշխանություն քննարկումների ձևաչափում ձեռք բերված համաձայնությունների արդյունքում հնարավոր է եղել ստանալ տասնհինգ միլիոն դոլար գումար՝ ընտրություններին բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող խցիկներ տեղադրելու համար։ Հիշեցնենք, որ այս դրույթի վերաբերյալ երկար ժամանակ իշխանությունները առաջարկում էին ընդդիմությանը գումար հայթայթել, քանի որ պետությունն ի վիճակի չէ տրամադրել այն։ Ավելի ճիշտ՝ խոսքը գնում էր ոչ թե ամբողջական գումարի, այլ դրա մասնակի ձեռքբերման մասին։ Իշխանությունները համարում էին, որ տեսանկարահանող սարքերը մեծ գումարներ են պահանջում, ու սկզբունքորեն իրենք դեմ չեն դրանք նույնպես կիրառել սպասվելիք ընտրություններում, պարզապես հարցն այն է, որ ըստ նրանց՝ առանց դրա էլ հնարավոր է բաց ու թափանցիկ ընտրություններ կազմակերպել Հայաստանում։ Սակայն հետագայում այդ հարցը նույնպես գտավ իր լուծումը, քանի որ միջազգային արևմտյան կազմակերպությունները պատրաստակամություն հայտնեցին վճարել ակնկալվող գումարը, ու այդ փորձը նույնպես կիրառվելու է ընտրություններում։ Հաջորդ խնդրահարույց հարցը մատների թանաքոտման հարցն էր, որը, ճիշտ է, կիրառվել է նախորդ ընտրություններում՝ մասնավորապես սահմանադրական հանրաքվեի ժամանակ, սակայն փորձը ցույց տվեց, որ առկա են բազմաթիվ թերություններ։ Մասնավորապես մի շարք ընտրատեղամասերում մատների թանաքոտման գործընթացը տեղի չէր ունեցել, իսկ կատարվելուց հետո թանաքը անհետացել էր ընդամենը մի քանի րոպե հետո։ Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ թանաքը առնվազն պետք է գոյություն ունենա 12 ժամ։ Դե իսկ ընտրությունները բողոքարկելու համար ընդդիմությունը հասավ նրան, որ երկարացվեցին դրանց համար նախատեսված ժամերը։ Այժմ բողոքարկման գործընթացը կարող է տևել մոտավորապես երեք օր։ Սա նույնպես շատ կարևոր ձեռքբերում էր, ու բոլոր հնարավորությունները ստեղծված են, որ այս ընտրությունները անցնեն բաց և թափանցիկ պայմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: