Lragir.am-ը գրում է.
 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, երբ իր լիազորությունները կստանձնի Հայաստանի նոր նախագահը, կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ կառավարության անդամները, այդ թվում՝ վարչապետը պետք է 2018-ին նախորդած վերջին 4 տարիներին Հայաստանում մշտական բնակություն ունեցած լինեն:
 Lragir.am-ի հետ զրույցում Սահմանադրության այս դրույթը մանրամասնեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում վարչապետի պաշտոնի շուրջ ծագած մեկնաբանություններին:
 «Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից հետո, երբ իր լիազորությունները կստանձնի նոր նախագահը, որն ընտրված կլինի Ազգային ժողովի կողմից, կառավարությունը վայր է դնելու իր լիազորությունները: Դրանից հետո ձևավորվելու է նոր կառավարություն: Դա Սահմանադրությամբ ամրագրված դրույթ է, այդպես է մի պարզ պատճառով, որովհետև այդ պահի դրությամբ է, որ երկիրն ամբողջովին անցնելու է պառլամենտական կառավարման ձևին, և կառավարության ձևավորման ողջ լիազորությունն անցնելու է պառլամենտին: Իսկ մինչ այդ, կառավարության ձևավորման հարցում շարունակելու է էական դերակատարություն ունենալ հանրապետության նախագահը, քանի որ մենք այս պահին դեռևս շարունակում ենք գործել կիսանախագահական կառավարման ձևի կարգավորումների շրջանակում»,- ասաց Թովմասյանը:
 Ըստ նրա՝ նոր Սահմանադրությունը շատ հստակ ասում է՝ պատգամավոր կարող է դառնալ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի համարվող ու ՀՀ-ում մտապես բնակված անձը: Այս պահանջը տարածվելու է նաև կառավարության անդամների ու վարչապետի վրա: Պահանջն ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլի 9-ից:
 Այսինքն՝ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո նշանակվելիք վարչապետը պետք է 2018-ին նախորդած վերջին չորս տարիներին մշտական բնակություն ունեցած լինի Հայաստանում: Իսկ ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մշտական բնակիչ է համարվում այն անձը, որը վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 730 օր բնակվել է Հայաստանի Հանրապետությունում:
 «Իսկ 2017 թվականի համար նման պահանջ չկա: Այս պահի դրությամբ, երեկ, վաղը, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը կառավարության անդամների համար միակ պահանջն այն է, որ պետք է լինեն ՀՀ քաղաքացի: Իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո վերջին 4 տարիներին նաև պետք է բնակված լինեն Հայաստանում», ասաց Հրայր Թովմասյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել