Դեռևս 2011թ.-ի վերջին, երբ Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլին շարունակում էր իր ձեռքում պահել երկրի կառավարման ղեկը, և բավական ամուր էին նրա հիմնադրած և ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիրքերը, հայտնի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ցանկություն հայտնեց քաղաքականություն մտնելու և Սաակաշվիլիին տապալելու մասին: Վերջինի այդ ցանկությունը շատերին թվում էր անհնարին, բացառելի, նույնիսկ վտանգավոր, սակայն ինչպես ցույց տվեցին 2012թ.-ի հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Իվանիշվիլիի կազմավորած «Վրացական երազանք»-ը ստացավ ընտրողների առավել մեծ վստահությունը, որից հետո «ՄԱՇ»-ը իշխողից վերածվեց ընդդիմադիր քաղաքական ուժի:
Իվանիշվիլիի հաջորդ նպատակային քայլն արդեն 2013թ.-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին Սաակաշվիլիին կամ նրա ներկայացրած թեկնածուին պարտության մատնելն էր, ինչը և տեղի ունեցավ: Արդյունքում նախագահ ընտրվեց «Վրացական երազանքի» թեկնածուն: Խորհրդարանում ընդդիմադիրների աթոռները զբաղեցրած «ՄԱՇ» պատգամավորները դարձան գործող իշխանությունների ակտիվ և խիստ քննադատողներ: Կառավարության գրեթե ոչ մի որոշում զերծ չէր «Սաակաշվիլիի» վերոնշյալ ներկայացուցիչների պախարակումներից: Նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունները, սակայն փոխեց իրավիճակը, քանի որ դրանց արդյունքում 2016թ.-ին կազմավորված խորհրդարանում հայտնվեցին անհամեմատ ավելի քիչ «ՄԱՇ» անդամներ, իսկ փոխարենը «Վրացական երազանքը» նույնիսկ ստացավ սահմանադրական մեծամասնություն ունեցող ուժի կարգավիճակ, այն է՝ սահմանադրության դրույթները փոխելու հնարավորություն ընձեռող մանդատաքանակ:
Վերոնշյալը հիմք ստեղծեց, որ Սաակաշվիլիի կուսակցության դիրքերը սկսեցին թուլանալ, իսկ հիմնական պատճառներից մեկը ներկուսակցական պայքարն էր և այն անհանդուրժողականության մթնոլորտը, որ տիրում էր այնտեղ, դեռևս սկսած 2013-ին Սաակաշվիլիի՝ նախագահական լիազորությունների դադարելուց և նրա Վրաստանից հեռանալուց ի վեր: Կուսակցության ներսում ձևավորվեց երկու բևեռ՝ «պրոսաակաշվիլիական» և «այլախոհների»: Ի վերջո, ընդամենը երկու օր առաջ պարզ դարձավ, որ «ՄԱՇ»-ը պառակտվում է, նույնատիպ փոփոխություններ նախատեսելով՝ նաև խորհրդարանում և ՏԻՄ կառույցներում, այսինքն՝ տեղի է ունենալու «ՄԱՇ» գործող խմբակցությունների մասնատում:
Այսպիսով՝ Վրաստանում աննախադեպ բարեփոխումների և առաջընթացի ապահովման երբեմնի հզոր «Միացյալ ազգային շարժում» քաղաքական գիգանտը տապալված է, և դժվար է ասել՝ արդյո՞ք կհաջողվի այդ ուժին հետագայում վերականգնել առնվազն ուժեղ ընդդիմության դիրքերը:
Մյուս կողմից՝ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվում Վրաստանի գործող իշխանությունների համար, քանի որ նախկինի պես անխնա քննադատող քաղաքական գործիչների թիվն, ըստ էության, զգալի նվազում է: