Ցանկացած պետության զարգացման և հավասարության գլխավոր արգելակը կոռուպցիան է, որը կազմալուծում է հաստատություններն ու նպաստում անկայունությանը: Մոլեգնող կոռուպցիան վանում է օտարերկրյա ներդրումները, իսկ այդ պայմաններում գործարարությունը չի կարող բարգավաճել, ինչը հանգեցնում է տնտեսական զարգացման գրեթե բացակայության: Կոռուպցիան ազդում է հասարակության բոլոր մակարդակների վրա` կառավարությունից մինչև միջին վիճակագրական քաղաքացի:
Հայաստանում բարձր է կոռուպցիայի ընկալման համաթիվը, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսական վիճակի վրա: Քաղաքացիների շրջանում արդյունքում նվազում է վստահությունը պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության նկատմամբ:
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի կոռուպցիան բացառող կամ նվազեցնող համակարգերի ձևավորումը, պաշտոնատար անձանց բարեվարքությունը, օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը:
Այդ չարիքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի անկատարությունը թույլ չի տալիս կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալել: Պաշտոնատար անձանց բարեվարքության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի այն հանգամանքը, որ հասարակության կողմից պաշտոնյաների հաշվետվելիությունը մեծացնող հայտարարագրման համակարգում բացակայում է հայտարարագրման ոլորտում խախտումների համար պատասխանատվությունը, և հայտարարագիր տվող անձանց շրջանակը սահմանափակ է:
ԱԺ-ի կողմից ընդունվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման գործընթացում թույլ տված խախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Նախատեսվում է նաև ապահովել հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը:
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ նշեմ, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմիններն իրականացնում են երեք հիմանական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական: Կանխարգելիչ գործառույթի մեջ ընդգրկվում է գույքի հայտարարագրումը, հակակոռպցիոն համակարգման խորհուրդների կամ նպատակային կանխարգելիչ մարմինների միջոցով հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումը, իրականացումը, մոնիտորինգը և այլն: Կրթական գործառույթի մեջ մտնում է հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը: Քննչական ֆունկցիան, զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ:
Փաստենք, որ աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք ֆունկցիաներն իրականացնում է մեկ մարմին, որը կոչվում է ունիվերսալ մարմին։ Ուրկրաինայում գործում է ապակենտրոնացված մոդել, սակայն ներկայումս որդեգրվել է դեպի ունիվերսալ մոդելին անցում կատարելու մոտեցումը: Ունիվերսալ մոդելը նախատեսված է նաև Հոնկոնգում, Սինգապուրում, և այլ երկրներում: