2016-ը նշանակալի էր ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից: Բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը:
Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը:
Տարին նշանավորվեց նաև բանկային համակարգում կոնսոլիդացիոն գործընթացներով:
Տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում ընդլայնվեց բանկերի կողմից մեծամասշտաբ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները, ստեղծվեցին ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր, ավելացան բանկերի սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու ունակությունը, ինչպես նաև սկսեց գործել սիներգիայի էֆեկտը՝ համատեղվեցին միավորված բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը՝ նպաստելով արդյունավետության բարձրացմանը, 2016-ին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ:
Բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:
Այսօր ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը: