ԱՄՆ-ում մոտավորապես կարելի է ուրվագծել Դոնալդ Թրամփի նոր կառավարության, գործող իշխանության ու ըննդիմության փոխհարաբերությունների տեսլականը։ Բացի սովորական դարձած քննադատությունից՝ Թրամփը կարծես թե բախվում է նաև ամերիկյան հասարակության վրա բավականին մեծ ազդոցություն ունեցող շոու բիզնեսի աշխարհի ներկայացուցիչների քննադատությանը։ Եվ դա քանի գնում, դառնում է ավելի ցցուն։ Իհարկե, չի կարելի ասել, որ այն կդառնա ԱՄՆ նոր վարչակարգի հիմնական գլխացավանքը, սակայն պարզ է, որ Թրամփը սա արհամարհել ու հաշվի չառնել չի կարող։ Դրա վառ ապացույցը նաև ավանդական համաշխարհային կինեմատոգրաֆիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ աշխարհահռչակ դերասանուհի Մերիլ Սթրիփի սկանդալային քաղաքական ելույթն էր, որտեղ նա ընդգծում էր, որ մարդիկ, որոնք միջոցներ ունեն բոլորի վրա իշխանություն ունենալու, դա այսօր օգտագործում են նաև քաղաքական նպատակների համար, և դա ամբողջ Ամերիկայի դժբախտությունն է։ Սա ամենևին չի նշանակում, որ աշխարհը Թրամփի գլխին կարող է փուլ գալ, սակայն ամերիկյան շոու բիզնեսի շուկան բավականին լայն ու հսկայական զանգվածներ է ընդգրկում, ու այժմ ակնհայտ է,որ նրանց ճնշող մեծամասնությունը դեմ է Թրամփի որդեգրած քաղաքականությանն ու առաջիկայում շարունակելու է նույն կերպ արձագանքել։ Անշուշտ, ներքին լսարանի համար սա բազմաթիվ վերլուծությունների առիթ կտա, կարելի է ասել՝ այսքանով ամերիկյան հասարակության համար «զբաղվելու բան» կլինի գալիք հինգ տարիներին։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա հստակ երևում է, որ առաջին անգամ ամերիկյան հասարակության ու իշխանության նկատմամբ ջրբաժան անցկացնելու հսկայական փորձ է արվում։ ԱՄՆ-ն նման խնդրի չի բախվել, ինչը հնարավորություն է տվել երկիրը գոնե ներքին ցնցումներից հեռու պահելու ու հիմնական էներգիան գեներացնելու արտաքին քաղաքական ուղղվածության վրա։ Այժմ Դոնալդ Թրամփը կարծես թե ստիպված է լինելու պայքարել երկու ֆրոնտով և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական հավասարակշռություն ապահովելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել