2016 թ-ի ընթացքում ՀՀ տնտեսությունը բախվեց լուրջ դժվարությունների, որի հետևանքով տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին: Չնայած 2016թ-ին գրանցված սպասվածից ցածր արդյունքին՝ սպասվում է, որ 2017թ-ը տնտեսության զարգացման համար առավել նպաստավոր է լինելու: Այս կանխատեսսման համար կարող են հիմք հանդիսանալ մի շարք գործոններ:
Նախ՝ ներդրումային դաշտում առավել նպաստավոր իրավիճակ է ստեղծվել 2017-ի թվականի համար՝ պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի 3.5 տոկոսով իջեցման հետ, որի արդյունքում նվազում է ներդրումներ կատարելու ռիսկայնությունը: Մյուս առանցքային գործոնը, որը հիմք է ստեղծում տնտեսության շնչառությունը բացելու համար, էներգակիրների՝ մասնավորապես գազի և էլէներգիայի սակագների նվազեցումն է:
ՀՀ տնեսության զարգացման համար դրական ազդակների սպասումներ կան նաև արտաքին միջավայրից: Մասնավորապես ռուսական շուկայի կայունության ապահովումը պայմաններ է ստեղծում ՀՀ-ից ՌԴ արտահանումը խթանելու և ԵՏՄ-ի ձևաչափում տնտեսական փոխգործակցությունը խթանելու համար: Միևնույն ժամանակ ռուսական ռուբլու ամրապնդումը նպաստավոր պայմաններ է ստեղծում ՌԴ-ից ՀՀ ուղարկվող տրանսֆերտների չափաբաժնի ավելացման համար:
Անհրաժեշտ է զուգադրել բոլոր դրական ազդակները և դուրս գալ տնտեսության լճացումից: