- Լեո՜, մի հատ էլ ես ձեն հանել, տալու եմ՝ կատուները քեզ ուտեն,- գոռում եմ թութակիս վրա:
«Ռուբինա՜» ուրախ ծլվլոցը խեղդվում է կոկորդում:
- Հաննի՛, կլինի՞ առանց ճպճպացնելու ուտես, խանգարում ես, - հերթը հասնում է ոզնուս:
Խեղճը վախեցած քիթը դուրս է հանում ամանից ու թաքնվում շարֆի մեջ:
- Սաբի՛, գնա, քո սենյակում խնձոր կրծի:
- Ը՜ղք, խոհանոցը սեփականաշնորհել ա, ինձ էլ դուրս ա հանում,- փնթփնթում է քույրս:
Կենդանիները կես խոսքից, ավելի ճիշտ՝ կես գոռոցից հասկանում ու կիսում են տրամադրությունս, տանեցիներն էլ ինձ, հիստերիկայիս ու մաթեմին մենակ են թողել:
Վերջապե՜ս, անտանելի աղմուկը վերացավ, կարելի է հարձակվել անտանելի խնդիրների վրա:
Բայց էս անտեր սովետական ժամացույցն էլ հա թիք-թաք, սառնարանի շարժիչն էլ իրեն տրակտորի տեղ է դրել, հիմար աթոռն այդպես էլ չսովորեց, որ ինքը պետք է որպես ճոճանակ ծառայի. անդադար ճռռում է:
Անշունչ առարկաները նպատակադրվել են հատ-հատ սղոցել նյարդերս ու մինչև վերջին նեյրոնս վերացնել:
Կացինս... Ո՞ւր է կացինս:
Մինչև մի բան չջարդեմ, չեմ հանգստանա:



