Եվ իսկապես կարելի է հասկանալ այդ մարդկանց դժգոհությունը։ Նախ սկսենք նրանից, որ Գուգարաց թեմի առաջնորդն, իհարկե, կարող է կարծիք հայտնել, սակայն այդ կարծիքը, քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը պետք է ունենան կոնկրետ արտահայտման ձև ու տեղ։ Չի կարելի Սուրբ ծննդի օրով վերցնել և այսպես ասած՝ քաղաքական ագիտացիաներ անել հենց եկեղեցում այն դեպքում, երբ արարողությանը ներկա են թե՛ ԼՀ-ի ու թե՛ ՀՀԿ-ի ներկայացուցիչները։ Սա առաջին։ Երկրորդ՝ Սրբազանը պետք է հասկանա, որ գոյություն ունի քաղաքական օրակարգ, իսկ այդ քաղաքական օրակարգի մեջ ընդդիմությունն ընտրել է կոնկրետ գործելաոճ, այն է՝ բոյկոտի տեսքով պարալիզացնել քաղաքապետարանի աշխատանքը։ Քաղաքապետը չի կարողանում ավագանու նիստեր գումարել, իսկ երրորդ նման պարագայում արդեն ընդդիմությունը կարող է դիմել Կառավարությանը՝ պահանջելով լուծարել քաղաքի ավագանուն։ Այլ կերպ ասած՝ ԼՀ-ն կոնկրետ նպատակ ունի և հետևողականորեն գնում է այդ նպատակի իրագործմանը։ Այլ հարց է, թե ինչքանով դա նրանք կհաջողեն։ Հետևաբար, որպես սրբազան ու հոգևոր հայր՝ Չուլջյանը պարտավոր է հաշվի առնել նաև այն 10.000 ընտրողներին, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, ու Վանաձորի համար դա բնավ քիչ թիվ չէ։
Ինչևէ, միջադեպը իսկապես տհաճ է ու այն ևս մեկ աստիճանով խորացրեց հասարակության ու եկեղեցու միջև վերջին տարիներին ձևավորված անջրպետը։ Քաղաքականությունը եկեղեցու գործառույթների մեջ չի մտնում, ու լավ կլիներ, որ սա լիներ վերջին դեպքը, երբ բավականին մեծ կշիռ ունեցող հոգևորականը քաղաքական դասեր է փորձում տալ ընդդիմության ներկայացուցիչներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=127061781130096&id=100014788247740&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել