Գոյություն ունի՞ արդյոք մոդեռն հայ աղջկա կերպար, թե՞ այն տղամարդկային կարծատիպների արդյունք է:
Այս առումով հետաքրքրիր է, թե որտեղ է հատվում ավանդական պատկերացումների և ժամանակակից հայ աղջկա կերպարի միջև սահմանը:
Մոդեռն աղջիկը օրիգինալ է, բայց քանի ուզում է տարբերվել մյուսներից, այնքան ավելի է նմանվում նրանց, ովքեր ուզում են տարբերվել մյուսներից:
Ամեն իրեն հարգող մոդեռն աղջիկ պարտավոր է կարդալ Կոելո, Մարկես ու նմանատիպ խորաթափանց գրքեր: Ըստ նրա՝ այդ ամենը նրան դարձնում է կյանքի բոլոր իմաստություններին հասու: Ավելին, ամեն կարդացած գրքին համապատասխան բարձրանում է նրա քիթը, բայց հետագայում (ավելի շատ կարդալու դեպքում) քիթը աստիճանաբար իջնում է:
Հատկապես նուրբ զգացումներ է տածում ամեն ֆրանսիականի նկատմամբ՝ սկսած «էլիտար» ֆիլմերից (որոնք որպես կանոն հոլիվուդյան ռիմայքներ են), վերջացրած ֆրանսերեն հնչող (բայց Չինաստանում արտադրված) բրենդներից:
Ամեն իրեն հարգող մոդեռն աղջիկ մոգական կախվածություն ունի Փարիզից, հույս ունի գոնե մեկ անգամ լինել Փարիզում՝ չնայած վերջինս արդեն շատ քիչ է հիշեցնում այն «սիրո քաղաքը», որի մասին իդեալականացված պատկերացումներ են ձևավորվում դեռ մանկուց:
Մյուս առանձնահատկությունն է սերը առ տարբեր փաբեր և գլամուռ սրճարանների նկատմամբ: Չնայած այդ արշավները սահմանափակվում են 0.3-անոց գարեջրով, էժան կոկտեյլով կամ կոլայով: Եթե մոդեռն աղջիկը հրավիրված է տղայի կողմից, ապա ամբողջ տեղեկատվական հոսքը սեփական նուրբ ու զգայուն ներաշխարհի նկարագրությունն է, որը երբեմն համապատասխանում է իրականությանը:
Մոդեռն հայ աղջկան մյուս առանձնահատկությունը սեփական հայկական անունների անգլիականացնումը կամ ռուսականացումն է: Երբեմն դրանք հնչում են շատ զավեշտալի: Ցավոք սրտի, որպես կանոն, նրանց շփումը արևմտյան մշակույթի հետ սահմանափակվում է միայն անունի բրենդայանցմամբ և «ճղված» ջինսերով:
Մյուս ծիկը, որը հատուկ է մոդեռն աղջկան, դա այլոց կողմից իրեն ԴՈՒՔ-ով դիմելու տաբուացված պահանջմունքն է: Իհարկե Դուք-ով դիմելը շատ ավելի հարգալից է, բայց ԴՈՒ-ն էլ վիրավորական բառ չէ: Մի քանի օր առաջ տեսա մի հետաքրքիր տեսարան բանկերից մեկում: 55-60 տարեկան տղամարդը դիմեց մի 18-20 տարեկան աղջկա.
-Աղջիկ ջան, ինչի ես առանց հերթի անցնում:
-Իսկ Ձեզ ո՞վ է թույլ տվել ինձ Դու-ով դիմել:
Հետաքրքրիր է մոդեռն աղջիկների խոսակցական լեզուն, որը խորը սոցիոլոգիական վերլուծության նյութ կարող է հանդիսանալ: Հատկապես հետաքրքրական է, որ գոյություն ունի երկու բառապաշար և քերականություն՝
1. Ներքին սպառման - Երբ աղջիկները շփվում են իրենց նեղ շրջապատում:
2.Արտաքին սպառման - Երբ հաղորդակցությունը ուղղված է սեփական սոցիալական կարգավիճակի և դիրքի ընդգծմանը և այլոց գնահատմանը:
Հետաքրքրական է, որ մոդեռն աղջկա մոտ առկա է մի կայուն կարծրատիպ, որ իրենց ընկերուհիները (կամ առնվազն ընկերուհիներից մեկը) իրեն նախանձում է: Միգուցե սա հոգեբանական պրոյեկցիայի արդյունք է՝ այն է ենթագիտակցորեն նա է նախանձում իր այս կամ այն ընկերուհուն: Ամեն դեպքում այս տրամաբանությունը անհասկանալի է միջին թվաբանական տղամարդու համար:
Մոդեռն աղջիկների մոտ «իսկական տղամարդու» մասին պատկերացումներն են հետաքրքիր են: Այդպիսի իրարամերժ ու հակասական կերպար բնության մեջ դեռևս չկա- Բայրոնի ու Ռոնալդուի, քյառթու հրեշտակի ու բարի սատանայի, հարուստ հումորիստի ու ղառի վալետի խառնուրդ՝ համեմված էդիպյան կոմպլեքսի տարրերով: Ընդ որում նրանց մոտ կա արական սեռի անհասկանալի տարբերակում՝ «ընկեր» և «տղամարդ», որոնք երբեք չեն հատվում:
Մոդեռն աղջիկների ճնշող մեծամասնությունը չի ծանոթանում փողոցում, բայց միևնույն ժամանակ հոգու խորքում համոզված է, որ վաղ թե ուշ իրեն փողոցում մոտենալու է արքայազնը, ում հետ հաստատ կծանոթանա (բայց հո մենք գիտենք, հի ..հի..)…
Այս ամենով հանդերձ աղջիկները աշխարհի ամենահիանալի ու ամենաառեղծվածային էակներն են: Շնորհավոր նրանց բոլոր տոները…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10200803363545088
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել