Օրինապահ հարկատուները կօգտվեն արտոնություններից
Հայաստանի տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում խթանիչ միջոցառումների իրականացումը անհրաժեշտություն է: Տնտեսության վերելքին նպաստող լրացուցիչ գործոն է տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
ՊԵԿ-ը հետևողական քաղաքականությամբ փորձում է բարելավել տնտեսվարողների գործունեության համար ստեղծված պայմանները: Խոսքը, իհարկե, վերաբերում է օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկերից խուսափող ստվերային տնտեսության ներկայացուցիչներն ընկնում են, այսպես ասած, ՊԵԿ-ի «ուդառի տակ»:
Այսպես՝ ՊԵկ նախագահի կողմից հաստատվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և հավաստագրի տրամադրման կարգը: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում էլեկտրոնային եղանակով, որից հետո օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կստանան սահմանված չափանիշները բավարարող տնտեսվարողները, որոնց ցանկերը կհրապարակվեն հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:
Այս նախաձեռնությամբ մասնավորապես արտոնյալ պայմաններ են ստեղծվելու օրինապահ հարկ վճարողների համար արտոնյալ վարկեր ներգրավելու համար, որի արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն նաև ներդրողների համար՝ բիզնես գործընկեր ընտրելու տեսանկյունից: