Image result for կառավարությունՀայրենի կառավարությունը տարիներ շարունակ մտորում է այն մասին, թե ինչպես անի, որ հանրապետության մարզերում համաչափ զարգացում ապահովի` Երեւանի հետ ահռելի տարբերությունը որոշակիորեն մեղմելու համար: Այն բանից հետո, երբ այս հարցադրումը շրջանառության մեջ դրվեց, հնչեցին տարատեսակ առաջարկներ, օրինակ՝ մարզերում հարկավոր է բիզնես ծրագրեր մշակել, խթանել զբոսաշրջությունը, ստեղծել աշխատատեղեր: Սակայն, եթե չեմ սխալվում, դեռեւս 7-8 տարի առաջ առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց, ըստ իս, այս հարցում ամենահեռանկարային առաջարկը, ըստ որի` նախատեսվում էր որոշ նախարարություններ մայրաքաղաքից տեղափոխել մարզեր: Օրինակ` առաջարկվում էր Մշակույթի եւ Քաղաքաշինության նախարարությունները տեղափոխել Գյումրի: Սակայն այս խոսակցությունները ինչպես հանկարծակի ծնվեցին, այնպես հանկարծակի էլ անհետացան:

Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց ի վեր այս հարցը դարձյալ հայտնվեց կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետն անձամբ բազմիցս խոսեց այս մասին: Այսօր տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը քննարկում է որոշ նախարարություններ Գյումրի տեղափոխելու հարցը: Հաշվարկվում են վարչական շենքերի եւ աշխատակազմի տեղափոխության ծախսերը։ Եզրակացությունը կպատրաստվի 2017 թվականին:

Եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, վստահ եմ` այն էականորեն կնպաստի մարզերի համաչափ զարգացմանը: Մշնախի` Գյումրի տեղափոխվելու դեպքում հանրապետության երկրորդ քաղաքում կարող են կարգավորվել նաեւ գործազրկության որոշ հարցեր, քանի որ ամենայն հավանականությամբ նախարարությունում կաշխատեն ոչ միայն Երեւանից Գյումրի տեղափոխված աշխատակիցներ, այլեւ գյումրեցիներ: Ավելորդ է նշել, որ այս պարագայում Մշնախի բազմաթիվ օտարերկրյա հյուրեր պատվիրակություններ կայցելեն Գյումրի, զբոսաշրջությունը կզարգանա, քաղաքում եռուզեռ կլինի, եւ գյումրեցին էլ ի վերջո կզգա, որ երկրի իշխանություններն իրենից երես չեն թեքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել