Սիրտս ուղղակի ցավում է երկրիս տատիկների, պապիկների համար, այն մարդկանց, ովքեր այսօր հույսը դրել են քաղաքական գործիչների վրա... Նրանք նամակ են գրում, երբեմն առանց էլեկտրաէներգիայի ու գազի ջերմությամբ տաքացվող «տներում», սառը ու ցուրտ սենյակներում հերթական (գուցե վերջին) ձմեռն անցկացնելով: Նամակ են գրում ու խնդրում ինչ-որ պարոն …յանի, որ օգնի, քանի որ թոշակով չի կարողանում բարբարիս կոնֆետ առնի ու մի 10 անգամ արդեն օգտագործված թեյի բարձիկով նորից թեյ խմի, չի կարողանում կարագ առնի, որպեսզի մարդավարի հացուկարագ ուտի.. ինչ եմ խոսում` չի կարա անգամ վալերիանի առնի, որ իր սրտի կսկիծը մեղմի, որովհետև այսօր իր կողքին մարդ չկա, ջահելությունն անցավ-գնաց, ինքը մնաց իր դարդերի հետ առերես: Միայնակ ծերեր…. Սրանից ահավոր բան երևի թե չկա:
Գրելս եկավ Նոտարական պալատի տարածած ծանուցումից, որ մարտի 8-ին այցելելու են «Թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ, որն այսօր շատ ու շատ ծերերի համար փոխարինել է հարազատ օջախը: Շատ դեպքերում այդ օջախները ոչ թե դատարկվել են, վաճառվել խարդախների կողմից կամ էլ եսիմ էլ ինչ փորձանքի արդյունքում կորսվել, այլ ուղղակի այդ տները երես են թեքել նրանցից. այդտեղ հիմա ապրում են տատիկ-պապիկների որդիները, դուրստրերը` թոռներով, որոնք և՛ հացուկարագ կարող են ուտել, և՛ վալերիանի գումար տրամադրել… Ուղղակի ավելորդ են համարել իրենց ծնողներին ու շպրտել նրանց դուրս: Անպետք կահույքի, փչացած այլ իրի պես. էլ պետք չես:
«Թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ի ծեր բնակիչները փետրվարի 8-ին նոտարների հրավիրած ներկայացումից անմիջապես հետո միայն մի խնդրանք ունեին. «Մարտի 8-ին մեզ չմոռանաք, երեխեք ջան»… Էլ ի՞նչ ասես: Ասելիք չկա… Սրանով ասված է ամեն ինչ:
…Ի՞նչ ծերություն ենք տեսնելու մենք, ո՞ւմ վրա ենք հույս դնելու մենք, ո՞վ է պաշտպանելու մեր շահերը, ապահովելու մեր առօրյան այն ժամանակ, երբ սեփական ոտներն ու ձեռները դրան արդեն տեր-տիրական չեն կարողանալու լինել: Սիրտս մղկտում է, երբ ճղված կոշիկներով տատիկ եմ տեսնում, պապիկ, որ հազիվ ոտքերը առաջ է տալիս ու որ դողդողալով 100 դրամ է գրպանից հանում ճանապարհածախսի ուղեվարձը ստանալու համար: Կամ երբ շքեղ սուպերմարկետում մեկ էլ տատիկ ես տեսնում, ով նայում է մթերքների բազմազանությանը, ուշադիր ու երկար հայացքով, իսկ վերջում միայն մի բատոն առնում…. Ի՜նչ քաղաքականություն, ի՜նչ բան. աբսուրդի թատրոն է ամենը սրա համեմատ:



