Ոչ մի ցանկություն չունեմ Րաֆֆու հետ կապված որեւէ բացասական բան գրել:
Մանավանդ որ, նա իսկապես քաղաքակիրթ պայքարի կողմնակից է, էլ առավել` ատելություն եւ վրեժ չի գեներացնում: Ինչն անչափ բարձր եմ համարում` բոլորից եւ տեւական ժամանակ բզիկ-բզիկ արված մեր ազգի համար:
Բայց եւ, ինչպե՞ս կարելի է նման ռազմավարական սխալներ թույլ տալ:
Չէ, խոսքը ո´չ Վլադիմիրիչի, ո´չ Օբամայի ու Օլանդի հետ հանդիպելու ու «բատատրելու» մասին չէ:
Այլ կրկին ու կրկին Ղարաբաղյան խնդրի:
Այս անգամ ոչ թե անկախության ճանաչման ենթատեքստում, այլ` ԵԱՀԿ ՄԽ-ի:
Ինչպե՞ս կարելի է հայտարարել, թե ինչ է այդ երկրները շնորհավորել են Սերժ Սարգսյանին, պետք է ոչ եւս անել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Բա եղա՞վ: Եւ դա ասում է` մեր նորանկախ երկրի առաջին ԱԳ նախարա՞րը:
Բայց չէ՞ որ դա են նաեւ պնդում մեր հարևանները: Ադրբեջացիները: Նրանց մանկության երազանքն է փոխել այդ ֆորմատը, հիմնախնդիրը ՄԱԿ մտցնել, ուր իրենք Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ են... Ունեն նավթ, նավթադոլաներ եւ կարող են որոշակիորեն փոխել տալ ստատուս-քվոն` ի շահ իրենց:
Հո չի՞ կարելի այդպես:
Թե՞ խիստ մտածված է Րաֆֆին անում դա: Եթե այո, պետք է հասկանալ` ինչու, մանավանդ որ շուտով ԵԱՀԿ ՄԽ-ն տարածաշրջան է ժամանելու:



