Անկման «շոգեքարշը» կանգառում է
Չորսամսյա անկումից հետո տնտեսության մեջ դարձյալ աճ է գրանցվել։ Վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալներով՝ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում 2.3 տոկոս աճ է գրանցվել։ Իհարկե, նախորդ երկու ամիսների ցուցանիշների վրա մեծապես ազդել էր հատկապես գյուղատնտեսության ցուցանիշների ճշգրտումը, որից հետո ոլորտի արտադրության ծավալը 30 տոկոսով կրճատվեց։ Չնայած դրան՝ արդեն նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալների 6,3 տոկոսանոց աճ արձանագրվեց։ Չնայած գրանցված աճին՝ ոլորտում դեռ 6.1 տոկոսանոց անկում կա նախորդ տարվա նկատմամբ:
Խոշոր ոլորտներից անկումը պահպանվել է նաև շինարարության, էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Տարեվերջից մեկ ամիս առաջ արդյունաբերության մեջ գրանցվել է 6,8 տոկոս աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավական բարձր ակտիվություն է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում։ Տասնմեկամսյա հատվածում ծառայությունների աճը կազմել է 7,8 տոկոս։
Բարձր ակտիվությունը պահպանվել է արտաքին առևտրաշրջանառության և առաջին հերթին արտահանման ոլորտում։ Նոյեմբերին 34 տոկոսով ավելի շատ ապրանք է դուրս տարվել Հայաստանից, քան անցած տարվա նույն ամսին։ Արդյունքում արտահանման տարեկան աճը գերազանցել է 21 տոկոսը։ Անցած ամսին ակտիվ է եղել նաև ներմուծումը։ Նախորդ տարվանից գրեթե 24 տոկոսով ավել ապրանք է ներկրվել, ինչից հետո ներմուծման տարեկան ցուցանիշը դադարել է անկումային լինել` 2 տոկոսով գերազանցելով 2015թ. մակարդակը։