Ադրբեջանի տնտեսական ցուցանիշները 11 ամիսների ընթացքում զգալի անկում են գրանցել: Պետության տնտեսական մի շարք ճյուղերի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ բավականին նվազել են: Առանձնահատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի պետական պարտքի ավելացումը:
Հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմում է 7,651 միլիարդ ամերիկյան դոլար և պաշտոնական տվյալներով կազմում է ՀՆԱ-ի 20,1%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 70%-ով ՀՆԱ-ի կառուցվածքում: Սա հիմնականում պայմանավորված է նոր օտարերկրյա վարկերի կտրուկ աճով և ՀՆԱ-ի ծավալների կրճատմամբ: Ոչ պակաս ավելացել է նաև ներքին պարտքը: Ադրբեջանի համախառն պարտքը կազմում է ՀՆԱ-ի մոտ 55-60%-ը: Սա պայմանավորված է նավթադոլարների եկամուտների նվազման արդյունքում արտարժույթի նկատմամբ պահանջարկի զգալի աճով:
Պետական պարտքի աճի նման տեմպերը, բնականաբար պայմանավորված են նավթի գների տատանումներով, բայց անկախ նավթային շուկայում տեղի ունեցող ցնցումներից, Ադրբեջանի պարտքը աճելու է:
Միայն բանկային սեկտորի պարտքը գերազանցում է 5,5 մլրդ դոլարը: Ադրբեջանի նավթային պետական ընկերության՝ Socar-ի պարտքը իր հերթին գերազանցում է 6,3 մլրդ դոլարը: Ադրբեջանի տնտեսական կյանքում տեղի ունեցող ցնցումներն արդեն երկար ժամանակ է, ինչ թեթևանալու միտում չեն դրսևորում: Չնայած Ադրբեջանի արտարժույթի մեծ պահուստներին, այդուհանդերձ, ենթադրելի է, որ այն շուտով կկանգնի պարտքերի սպասարկման և մարման լուրջ խնդրի առաջ: