Իշխանությունն ու ընդդիմությունը՝ իրենց համախոհներով հանդերձ, ընտրությունների արդյունքները մեկնաբանում են՝ ելնելով իրենց քարոզչական նպատակներից:
Ընդդիմությունը կենտրոնանում է բազմաթիվ և բազմապիսի այլանդակությունների վրա, որոնք, անշուշտ, տեղի են ունեցել այս ընտրությունների ժամանակ, չնայած նույն ընդդիմությունը բավարար ջանքեր չի գործադրել այդ ապօրինություններին իրավաբանական ձևակերպումներ տալու համար: Իսկ իշխանությունն էլ ասում է՝ դե, սոցիալական խնդիրները շատ են, դժգոհները՝ նույնպես, հենց այդպես էլ պետք է լիներ: Ընդ որում, երկու կողմերն էլ երբեմն «մարտի են նետում» իրենց անփորձ ներկայացուցիչներին, ինչի արդյունքում տեղի են ունենում որոշ թյուրիմացություններ: Բայց ներկա իրավիճակի լուրջ, խորքային վերլուծություն, այնուամենայնիվ, չկա, քանի որ այն, ինչ մեզանում կոչվում է «քաղաքագիտություն» կամ «սոցիոլոգիա», իրականում «կցված է» այս կամ այն քաղաքական ուժին: Ի դեպ, ինչպես և լրագրության մեծ մասը:
Ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, երևի կան մասնագետներ, որոնք ոչ մեկին, կներեք արտահայտությանս, «բալետ չեն անում»: Նրանց բանական, էմոցիաներից (սիրուց և ատելությունից) զուրկ բացատրությունները ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ լսել: Եվ ամենակարևոր հարցը, որն ինձ հետաքրքրում է՝ արդյոք խնդիրը միայն սոցիալակա՞ն է՝ սոցիալական նեղ իմաստով, մարդկանց եկամուտների, կենսամակարդակի հետ կապված: Վերցնենք, օրինակ, Քաջարան քաղաքը: Գործազրկության մակարդակն այնտեղ բարձր չէ՝ մարդիկ աշխատում են կոմբինատում, ստանում են աշխատավարձ, որի մասին Երևանում էլ շատերը կերազեին: Ինչի՞ց են, ուրեմն, մարդիկ դժգոհ: Ահա այստեղ է պետք հասարակագիտական սթափ վերլուծություն և ոչ թե անեծքների կամ գովասանքների տարափ: Ես կարող եմ դատել միայն «աչքաչափով»՝ առանց գիտական ընդհանրացումների: Իմ տպավորությամբ՝ մարդիկ այլևս չեն հանդուրժում և այսուհետ ավելի քիչ են հանդուրժելու, երբ ոտնահարվում է իրենց արժանապատվությունը: Երբ, ենթադրենք, նույն Սյունիքի մարզպետը տարիներ, կարելի է ասել՝ տասնամյակներ շարունակ իրեն ամբարտավան է պահում, իրեն թույլ է տալիս մարդկանց վախեցնել, ստորացնել, արհամարհել, քաղաքացիների մեջ զայրույթ է կուտակվում, որն իր լավագույն, զուսպ, քաղաքակիրթ արտահայտությունն է ստանում քվեատուփերի մոտ:
Երբ նման պաշտոնյաներին տասնամյակներ շարունակ աշխատանքից չեն հանում, այդ զայրույթը, բնականաբար, տարածվում է նաև նրանց վրա, ովքեր տվյալ անձնավորությանը պահում են իր պաշտոնում: Կոնկրետ մի դեպք մեր պրակտիկայից: Բագրատյանի հանրահավաքին մասնակցած մի սիսիանցի «Առավոտ»-ի խցիկի առաջ «իր սրտի խոսքն» ասաց նույն մարզպետի հասցեին: Հաջորդ օրն այդ քաղաքացուն ստիպել են «պաշտոնական ալիքով» ներողություն խնդրել «լեզվի սայթաքման» համար ու հայտարարել, թե լրագրողն իրեն խմեցրել է: Դուք կարծում եք՝ այդ մարդու, նրա ընտանիքի, նրա ընկերների համար նման ստորացումը հե՞շտ է տանել:
Խնդիրը, հետևաբար, միայն սոցիալական չէ: Հուսով եմ՝ իմ այս համեստ դիտարկումը մասնագետները կհաստատեն, իսկ իշխանավորները հաշվի կառնեն:
Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր