Aysor.am-ը գրում է.
Հայաստան-Իրան հարաբերությունների ամենաբարձր և խիստ բարեկամական մակարդակի ապացույցն է նաև այն հանգամանքը, որ այօսր Երևան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռուհանիին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմավորել է հենց «Զվարթնոց» օդանավակայանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս փաստը ոչ միայն գրեթե կայծակնային արագությամբ տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այլ նաև, դատելով արձագանքներից, արդեն իսկ հասցրել է լուրջ անհանգստություն առաջացնել Բաքվի վարչակարգի քարոզչական գործողությունները համակարգողների շրջանում: Ըստ էության, հայկական կողմը երբևիցե չի էլ թաքցրել, որ Իրանի հետ հարաբերություններին տալիս է հատուկ կարևորություն, իսկ այն, որ Ադրբեջանին, շախմատային եզրաբանությամբ, համատեղ հայ-իրանական «մատ» է հայտարարվելու, նույնպես գաղտնիք չէր», - ասաց Վ. Ոսկանյանը:
Նրա խոսքով, այս համատեքստում ադրբեջանական կողմի անհանգստությունները միանշանակ սպասելի էին և ինչ-որ առումով նաև հիմնավորված, քանի որ Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական, տնտեսական և մշակութային երկկողմ օրակարգի կյանքի կոչումը, անկախ Բաքվի վարչակարգի կամքից, ինքնստինքյան հանգեցնելու է Երևանի տարածաշրջանային նշանակության և դերակատության աննախադեպ բարձրացման, ինչի արդյունքում, ըստ էության չեզոքանալու է Բաքվի՝ Հայաստանի մեկուսացմանն ուղղված քաղաքական ուղեգիծը: «Հայաստանի կողմից երկարատև ծրագրավորմամբ և մեթոդաբար իրականացված Իրանի հետ հարաբերությունների համակողմանի խորացմանն ուղղված քայլերը, Իրանի նախագահի Երևան այցով, փաստորեն հատում են իրենց հերթական բարձրակետը, որը տրամաբանորեն հանգեցնելու է Ադրբեջանի համար չափազանց բարդ իրավիճակի ստեղծմանը: Նման իրավիճակի կառավարումը կամ դրանից ելքերի որոնումը բավական բարդ է, եթե ոչ գրեթե անհնարին՝ հաշվի առնելով Բաքվի վարչակարգի ունեցած սահմանափակ մտավոր և դիվանագիտական ռեսուրսները, իսկ այդ բացը ֆինանսական միջոցներով ծածկելու մանևրի դաշտը խիստ սահամանափակ՝ հաշվի առնելով այն տնտեսական դժվարությունները, որին բախվել է Ադրբեջանը վերջին շրջանում», - ընդգծեց Վ. Ոսկանյան:



